Սեպտեմբերի 24-ին Անկախ պետությունների համագործակցության Մոսկովյան գրասենյակում ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Արմեն Ղևոնդյանն իր լիազորությունների հավատարմագիրը ներկայացրել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, պաշտոնական արարողությանը հետևած զրույցի ընթացքում ԱՊՀ գործադիր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի կառուցողական ներգրավվածությունը կառույցի աշխատանքներին, գոհունակություն հայտնել ՀՀ և ԱՊՀ գործադիր քարտուղարության միջև հաստատված արդյունավետ փոխգործակցության կապակցությամբ:

ՀՀ մշտական ներկայացուցիչը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական զարգացումները, նոր կառավարության ծրագրում ներկայացված արտաքին քաղաքական առաջնահերթությունները և գերակայությունները: Արմեն Ղևոնդյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը շարունակել ակտիվ մասնակցությունը ԱՊՀ շրջանակներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում ծավալվող բազմաբնույթ համագործակցությունը՝ ԱՊՀ հիմնարար փաստաթղթերում ամրագրված դրույթների և ժամանակակից իրողություններին կազմակերպության ադապտացման գործընթացներին համահունչ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԱՊՀ կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքներին։