Երևան-Արմավիր երթուղին կհամալրվի հարմարավետ տրանսպորտային միջոցներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը՝ նշելով, որ սեպտեմբերի 25-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող վարորդները դուրս կբերեն իրենց մեքենաները շենքի դիմացից:

«Այսօր սկսվել էին բանակցություններ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության և «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրենի միջև: «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրենի ցանկությունն էր, որ բոլոր մեքենաները շահագործվեն ավտոբուսային երթուղում, որը հետագայում կկաշկանդեր միասնական երթուղային ցանցի կազմավորմանը:

Քիչ առաջ ձեռք բերվեց պայմանավորվածություն «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի հետ՝ որպես փոխզիջում, ըստ որի նոր մեքենաների փոխարինումը կիրականացվի միկրոավտոբուսային երթուղում, քանի որ ներկայացված տրանսպորտային միջոցներն իրենց տեղատարողությամբ առանձնապես չեն տարբերվում միկրոավտոբուսներից, և վաղը կպատրաստենք հրաման՝ նոր մեքենաների շահագործման համար»,-նշել է Փամբուխչյանը գրառման մեջ՝ ուրախությամբ տեղեկացնելով, որ Երևան-Արմավիր երթուղում նոր տրանսպորտային միջոցների ներգրավումը հանրությանը կապահովի ապահով և հարմարավետ փոխադրումներով: