«Արարատ» ֆուտբոլային ակումբի տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանի համոզմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ (Նեմեց Ռուբո) 16 տարվա ղեկավարած կառույցը նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը շատ լավ կկառավարի: 

Տիգրան Ղարաբաղցյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ Ռուբեն Հայրապետյանի ղեկավարման տարիների մասին, սակայն առանձնացրեց մի քանի կարևոր կետ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել: «Շատ կարևոր է, որ նպաստեն մանկապատանեկան, մասսայական և մարզային ֆուտբոլի զարգացմանը: Իսկ պարոն Հայրապետյանն արդեն անցյալում է, չեմ ուզում ոևէ բան ասել նրա մասով: Հիմա միայն Երևանում է ֆուտբոլը գնում, ինչը նորմալ չէ: Պետք է մարզերում էլ ֆուտբոլային ակումբներ կառուցենք և համոզված եմ, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ հաստատ կգտնենք մարզերից»,-մանրամասնեց «Արարատ» ֆուտբոլային ակումբի տնօրենը:  

 

ՀՖՖ նախկին մարզիչ Վարդան Մինասյանի պաշտոնավարման վերաբերյալ՝ մեր զրուցակիցը դրական գնահատական տվեց, քանի որ, ըստ նրա՝ Մինասյանը բազմիցս ցույց է տվել իր պրոֆեսիոնալիզմը, սակայն թե ինչու ՀՖՖ նախագահի ընտրություններից հենց մեկ օր առաջ ներկայացրեց հրաժարականի դիմումը՝ Ղարաբաղցյանի համար մնում է անհասկանալի. «Երևի ցանկություն չի ունեցել աշխատել նոր ղեկավարության հետ»:

Մեր այն դիտարկմանը, թե Ռուբեն Հայրապետյանի հետ է աշխատել, դրա՞ համար որևէ մեկնաբանություն չի ուզում տալ, թե՞ այլ բան կա, Ղարաբաղցյանը պատասխանեց. «Չէ՛, իրար հետ աշխատելը չէ խնդիրը: Ինչ արել՝ արել է. ակադեմիաներ է կառուցել, ինչ է եղել, ոնց է եղել՝ չեմ ուզում մեկնաբանել»:

Իսկ արդյո՞ք պետք էր նոր ընտրություններ և նոր ղեկավար կազմ, Տիգրան Ղարաբաղցյանը նկատեց. «Փոփոխություններ, միանշանակ, պետք են, քանի որ ինչ-որ բան պակասում էր»: Իսկ թե ինչն էր պակասում՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբի տնօրենը չկարողացավ պատասխանել: 

Վերջում, խոսելով կոռուպցիոն ռիսկերի մասին, Տիգրան Ղարաբաղցյանը վստահեցրեց, որ ՀՖՖ-ում կոռուպցիա չի եղել. «Ֆուտտբոլի ֆեդերացիայում կոռուպցիայի մասին չեմ լսել ու չեմ էլ կարող պատկերացնել, որ նման բան եղել է»: 

 

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 22-ին ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: 

Արմինե Միքայելյան