Ուրցաձոր համայնքում բողոքի ցույցեր են։ Բնակիչները պահանջում են 19 տարվա համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը, որն, ի դեպ, անկուսակցական է։ Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների՝ նա իր պաշտոնին եղած ժամանակ ոչինչ չի արել համայնքի համար: Ցուցարարները նշում են՝ պահանջը չբավարավելու դեպքում նրանք պատրաստվում են նաև փողոցներ փակել: 

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Ուրցաձոր համայնքի ղեկավար  Ռաֆիկ Անդրեասյանը նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

 

«Պատրաստվում եմ աշխատել ավելի բուռն։ Մի քանի անձ են բողոքի ցույց անողները, իսկ  ես մի քանի անձի գյուղապետ չեմ, որ հրաժարական տամ։ Ես միշտ բացարձակ ձայներով եմ անցել։ Այս խոշորացված համայնքից ընդամենը 20 հոգի են հավաքվել, զոռով երեխեքին հանել են, ասել՝ արի ցույցի»,-նշեց Անդրեասյանը։

Համայնքապետի կարծիքով՝ կողքից թելադրում են ցուցարարներին և այդ ակցիայի կազմակերպման հարցերում «դրսից» միջամտություն կա։

Հարցին՝ ովքե՞ր են միջամտում՝ համայնքապետն ասաց․ «Ընթացքում կերևա»։

Իրավիճակի շտկման համար համայնքապետը ցույցի կազմակերպիչներին հրավիրել է դահլիճ՝ իրենց ներկայացրած դիմումի հարցերին պատասխանելու, սակայն նրանք հրաժարվել են։

«Չի գտնվի այնպիսի համայնքի ղեկավար, գյուղապետ, քաղաքապետ, որ բոլորը նրանից գոհ լինեն»,-հավելեց Անդրեասյանը։