«168 ժամ» թերթը գրում է.

Այս տարվա հուլիսի վերջին Սանկտ Պետերբուրգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ռուսաստանաբնակ հայազգի գործարարների հանդիպման ժամանակ անդրադարձ էր եղել Սեւանի շաքարի գործարանին: Գործարարներից մեկը հայտարարել էր, որ մոտ 15 տարի առաջ ներդրում է կատարել Սեւանի շաքարի գործարանում, 4 տարի աշխատելուց հետո եկել է Սամվել Ալեքսանյանը, «վերցրել է մի փայը», ու գործարանն արդեն 9 տարի կանգնած է:

Այժմ գործարանում վերականգնողական աշխատանքներ են իրականացվում, եւ առաջիկայում նախատեսվում է վերագործարկել այն:

Երեկ գործարան է այցելել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, եւ «Սեւանի շաքարի գործարան» ՓԲԸ սեփականատեր Արմեն Առաքելյանը ներկայացրել է վերագործարկման պատրաստվող գործարանի արտադրական հնարավորությունները, անդրադարձել նախատեսվող ծրագրերին։

«168.am»-ը Ա.Մինասյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կապ ունի Սամվել Ալեքսանյանը գործարանի հետ, արդյոք սեփականատե՞ր է:

«Էկոնոմիկայի նախարարությունը սեփականատերերի հարցով չի զբաղվում: Մեզ համար կարեւոր չէ, թե ովքեր են սեփականատերերը: Մեզ համար կարեւոր է, թե տնտեսական միավորը, կազմակերպությունն ունի՞ հնարավորություն, եւ ի՞նչ աջակցություն է պետք, որպեսզի իրենք կարողանան դառնալ մեր արտադրողներից: Փառք Աստծո, որ այսօր սեփականատերերից մեկը եւ պատասխանատուն վերցրել է այդ բեռն իր ուսերին եւ դիմել է նաեւ մեզ՝ աջակցելու համար, որպեսզի Սեւանի գործարանը վերագործարկվի»,- ասաց Ա.Մինասյանը:

Նա հստակ չպատասխանեց հարցին՝ Սամվել Ալքեսանյանը բաժնեմաս ունի՞, թե՞ ոչ: «Ես չգիտեմ: Ըստ մեզ մոտ եղած փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության հոդվածների՝ Սամվել Ալեքսանյան անուն չկա: Բայց նորից եմ ասում՝ դա մեր նախարարության իրավասության հարցը չի: Եվ նույնիսկ ցանկացած սուբյեկտ, եթե ունի լրացուցիչ այլ մրցակից կազմակերպություն, դա տնտեսական մրցակցության պաշտպանության դաշտում է»,- ասաց նախարարը:

Մեր դիտարկմանը, որ, եթե այս գործարանն էլ է պատկանում Ալեքսանյանին, ապա մենաշնորհի խնդիր է, Ա.Մինասյանը պատասխանեց. «Մենք ունեինք մեկ սուբյեկտ, որը գործունեություն էր ծավալում, հայտնվել է երկրորդ սուբյեկտը: Ես չգիտեմ՝ ում է պատկանում, բաժնետերերից մեկի մասին խոսեցի, ով գտնվում էր այդտեղ եւ պատասխանատու էր, վստահաբար՝ նա Սամվել Ալեքսանյանը չէր»:

Նախկինում Սեւանի շաքարի գործարանը լուրջ մրցակցություն էր առաջացրել շաքարի մենաշնորհատեր համարվող Սամվել Ալեքսանյանի համար: Գործարանն իր գործունեությունը սկսել էր 2003 թվականին: Կատարվել էր շուրջ 2.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: 2005 թվականից ընկերությունը համագործակցություն էր սկսել ՎԶԵԲ-ի հետ: Բարձորակ հումքի ներկրումը կատարվում էր ֆրանսիական հայտնի SUCDEN ընկերությունից: Պատրաստի արտադրանքն ամբողջությամբ իրացվում էր Հայաստանի ներքին շուկայում: 2008-2009 թվականներին գործարանի օրական արտադրողականությունը հասել էր 20 տոննայի, իսկ ամսական շրջանառության ծավալները՝ 400 հազար ԱՄՆ դոլարի։

Սակայն հետագայում ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել էր անհայտ կամ հայտնի, բայց չբարձրաձայնվող պատճառներով:

Իսկ վերջին շրջանում, մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, աշխատանքներ սկսվեցին գործարանը վերագործարկելու ուղղությամբ, թարմացվել են նախկին գործընկերների հետ կապերը, եւ նախատեսվում է 34 մլն դրամի ներդրում իրականացնել:

Ընկերության ղեկավարները խոստանում են, որ գործարանի աշխատելու դեպքում էականապես կնվազի Հայաստանի կախվածությունն այլ երկրներում շաքարի գների տատանումներից:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: