Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում, փողոցային արյունոտ կռվի հետեւանքով մահացել է Թբիլիսիի 25-ամյա բնակիչ Վիտալի Սապարովը. տեղեկացնում է «Ռուսթավի 2»-ը։

Լույս կիրակի գիշերը Սապարովը վիրավորվել է Դյումայի փողոցում տեղի ունեցած կռվում։ Երիտասարդին դանակի բազմաթիվ հարվածներից ստացած վերքերով տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։

 

Տարածված տեղեկատվության համաձայն՝ կռվին մասնակցել է մի քանի մարդ։ Վեճը սկսվել է բարերից մեկում եւ շարունակվել փողոցում։ Մոտակա տների բնակիչներն ասում են, որ մոտավորապես առավոտյան 4-ին լսել են տղամարդկանց հայհոյանքներ։ Վիրավորվել է եւս մի հոգի՝ Սապարովի ընկերը։ Նա ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։

Վիտալի Սապարովն աշխատում էր «Ներառվածության եւ զարգացման կենտրոն» ոչ կառավարական կազմակերպությունում, որը զբաղվում է մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի լավացմամբ՝ կենտրոնանալով Եվրոպայում ռասիզմի, քսենոֆոբիայի եւ անհանդուրժողականության վրա։ «Ռուսթավի 2»-ը պնդում է, որ Սապարովի վրա հարձակման տարբերակներից մեկը հակասեմիտիզմն է։

ԶԼՄ-ների տվյալներով՝ Սապարովին դանակի հարվածներ հասցրած մարդուն ֆիքսել են տեսախցիկները, սակայն ոստիկանությունն առայժմ ոչ ոքի չի ձերբակալել։ ՆԳՆ-ն շարունակում է հետաքննությունը՝ «դիտավորյալ սպանություն» հոդվածով։