Ինչպես արդեն տեղեկացրել ենք
, Անիի համայնքապետարանում աշխատանքը պարալիզացված է։ Մի խումբ ցուցարարներ պահանջում են Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի և նրա թիմի հրաժարականը։ 

ԼՈւՐԵՐ․com-ը զրուցեց համայանքապետ Արտակ Գևորգյանի հետ, որը նշեց, որ բնակիչները չեն պահանջում նրա հրաժարականը, այլ 20-25 տարբեր ժամանակների համայնքի ղեկավարի թեկնածուներ են կամ անձնական դժգոհություններ ունեցող մարդիկ, որոնք նոր ժամանակների հետ կապ չունեն։ Ըստ համայնքապետի՝ այժմ նրանց ակտիվանալը կապված է նոր ժամանակների հետ, և նրանք փորձում են «պղտոր ջրում ձուկ որսալ»։ 

 

«Իմ համախոհները, ողջ ժողովուրդը բոլոր բնակավայրերից՝ պատրաստ են տեր կանգնել իրենց իրավունքին, իրենց քվեին։ Մենք շարունակելու ենք մեր բնականոն գործունեությունը և փորձում ենք հնարավորինս աշխատանքները կատարել առավել կազմակերպված, որ չտուժի աշխատանքը»,-նշեց Ա․ Գևորգյանը։

Նա նկատեց, որ դիմել են տեղի ոտիկանություն, որպեսզի օրենքով սահմանված կարգով ապահովվեն ՏԻՄ-ի և այլ պետական մարմինների գործունեությունը, որոնք տեղակայված են համայնքապետարանի շենքում։

Անդրադառնալով բնակիչների պահանջին, որ նա մասնակցի ՏԻՄ ընտրություններին՝ Գևորգյանը պատասխանեց․

«Ես վերընտրվել եմ ամսիներ առաջ՝ օրինական և լեգիտիմ ընտրություններում՝ բացարձակ հաղթանակով և բացարձակ ցուցանիշներով։ Եթե որևէ մեկը կարող է գտնել, որ ընտրությունները եղել են ոչ ճիշտ կազմակերպված՝ թող ապացուցեն։ Իրենք արկածախնդիր են և փորձում են իրենց մեջ աթոռակռիվ կազմակերպել։ Իրենց ոչ ոք չի սատարում, որովհետև ճանաչում են։ Իրենք տարիներ շարունակ տարբեր մեթոդներով, տարբեր ուղղություններով մշտապես գործել են և անընդհատ վնաս են տվել համայնքին, համայնքի ազգաբնակչությանը»։

 

Նա ասաց, որ առաջարկել են բոլոր հարցերով խոսել «Մենք կառուցողական ենք և համարում ենք, որ նրանք ևս մեր ժողովուրդն են մեր ազգի ներկայցուցիչն են, բայց նրանց մեջ ձևավորվել է աթոռապաշտություն»,-ասաց Անիի համայնքապետը։