Հոկտեմբերի 2-ի երեկոյան տեղի ունեցավ այն, ինչը իրականում կարելի է անվանել հակահեղափոխության առաջին գործնական դրսևորում: Փաշինյան-Վահրամ Բաղդասարյան հանդիպումից հետո ձևավորվել էր բավականին դրական համատեքստ ու թվում էր՝ խորհրդարանի արտահերթ ընտրությունների հարցը կարող է լուծվել քաղաքական բանակցությունների ճանապարհով, ասել է թե՝ կոնսենսուսով: Սակայն երեկոյան ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ պատգամավորները կողմ քվեարկեցին ԱԺ կանոնակարգ օրենքի նախագծին, որով վերացվում է ԱԺ լուծարման միակ իրավական նորմը: Եթե վարչապետը հրաժարական է տալիս, եւ ԱԺ-ն երկու անգամ վարչապետ չի ընտրում 14 օր, ԱԺ-ն օրենքի ուժով լուծարվում է: Այս օրինագծով, ժողովրդի կողմից ԱԺ-ն շրջափակելու պարագայում նախատեսվում է, որ նիստը չի կայանում, եւ ԱԺ-ն չի ցրվում:: Նիկոլ Փաշինյանը արտահերթ նիստից առաջ հայտարարել էր, որ եթե այդ նիստը տեղի ունենա, ուրեմն հակահեղափոխությունը պաշտոնապես սկսվում է: Օրինագծի ընդունումը զրոյացրեց կոնսենսուսի բոլոր հնարավորությունները, բացի այդ՝ հանգեցրեց ԲՀԿ և ՀՅԴ քվոտայով կառավարության կազմում ընդգրկված պաշտոնյաների ազատմանը: Ըստ էության, ազգային համաձայնության կառավարություն, որը ճաք էր տվել դեռևս Երևանու ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում սևերի և սպիտակների բաժանարար գծերի ուրվագծման ընթացքում՝ երեկվանից դե յուրե դադարեց գործել:
 
Խորհրդարանի մոտ հապճեպ կազմակերպած հանրահավաքի ժամանակ Փաշինյանն ի վերջո բացահայտեց խաղաքարտերը՝ նա ընտրում է թերևս ամենառիսկային, սակայն ժամանակ խնայող տարբերակը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ Փաշինյանը նախատեսում է անցկացնել այս տարվա դեկտեմբերի սկզբին՝ ինչը կարելի է դիտարկել իբրև վերջնագիր խորհրդարանական բոլոր ուժերին: Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ շուրջ երկու ժամ տևած հանդիպումից հետո Փաշինյանը ներկաներին հայտնեց, որ այդ ուժերը ընկալել են ժողովրդի ուղերձին և հարգանքով են վերաբերվում ժողովրդի որոշմանը, և բանավոր երաշխիքներ են տվել, որ չեն առաջադրի վարչապետի սեփական թեկնածուին: Թվում է, թե կա համաձայնություն, սակայն անգամ գրավոր համաձայնությունը կարող է չեղարկվել, և դա հասկանում է նաև Փաշինյանը:
 
Ռիսկերի մասին խոսելով, Փաշինյանը կոչ արեց ժողովրդին՝ կանգնել իր թիմի թիկունքին մինչև վերջ, եթե դա հաջողվի, ապա նա կրկին կստանձնի վարչապետի պաշտոնը, և միայն այդ ճանապարհով կարող է հաղթահարվել երկրում առկա քաղաքական ճգնաժամը: Սակայն ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ եռյակի ջանքերով ընդունված օրինագիծը կարող է մինիմալի հասցնել ժողովրդի աջակցության գործոնը և այս պարագայում այլևս ոչինչ չի խանգարի արդեն դե ֆակտո երեք՝ Փաշինյանի կաբինետին ընդդիմադիր ուժերին առաջադրել և ընտրել վարչապետի իրենց թեկնածուին: Սա այն սահմանադրական ծուղակն է, որը մայիս ամսից ի վեր նախապատրաստել է ՀՀԿ-ն: Մյուս կողմից՝ պետք է նաև հասկանալ, թե որ արտաքին կամ ներքին ազդակներն են հիմք հանդիսացել հակահեղափոխության կոնսոլիդացիայի համար՝ այն էլ մի պարագայում, երբ երեք ուժերն էլ իրենց աչքի առաջ ունեին մայիսի 2-ի փորձը: Արդյո՞ք այդպիսի ազդակներ չկային (ինչին իհարկե դժվար է հավատալ), և եռյակը առաջնորդվում է լոկ ինքնապահպանման բնազդով, կամ էլ փորձում է շանտաժի ենթարկելով գործող կառավարությանը՝ հաջորդ գումարման ԱԺ-ում հայտնվելու երաշխիքներ կորզել, քանի որ պարզից էլ պարզ է՝ սեփական ուժերով այս քաղաքական տրիոն դժվար թե հաղթահարի 5 տոկոսանոց արգելքը: Փաշինյանն էլ՝ ի պատասխան՝ երեկ ցույց տվեց, որ կարճ ժամանակում կարող է մոբիլիզացնել շատ մեծ և համապատասխան գործողությունների պատրաստ զանգված, ինչը էական գործոն է այս պահին, հաշվի առնելով, որ Փաշինյանի միակ ռեալ հենարանը հենց այդ զանգվածն է լինելու:
 
Ս.Խաչատրյան