Ազգային ժողովի այգու դարպասները բացվել են այցելուների առաջ։ Հոկտեմբերի 3-ին, ժամը 13։00-ից սկսած քաղաքացիներն անարգել մուտք են գործում ԱԺ բակ։

«Անցնում էինք այս տարածքով, տեսանք, որ դարպասները բաց են, սիրով ներս եկանք։ Ուզում էինք տեսնել, թե մեր պաշտոնյաներն ինչպես են աշխատում այս շենքում, որը կառուցվել է ժողովրդի կողմից։ Այստեղ լուծվում են ազգի խնդիրները, մենք ուզում էինք տեսնել, թե հատկապես հեղափոխությունից հետո նրանք ինչպես են համաձայնեցնում խնդիրների լուծումները ժողովրդի հետ»,- ասաց քաղաքացի Ռիտա Դավթյանը։

Նա նաև հույս հայտնեց, որ ԱԺ բակում կհանդիպի պատգամավորների հետ, անձամբ նրանց հետ կքննարկի խնդիրները։ Իսկ տարածքի ուժեղացված հսկողությունը նույնիսկ անտեղի համարեց։

Ազգային ժողովի դռներն այցելուների համար բաց կլինեն առավոտյան ժամը 10-ից երեկոյան 22։00-ն։ ԱԺ դռները բացվել են երեկ ուշ երեկոյան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այստեղ հնչեցրած կոչից հետո։