Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խորհրդարանական ուժերի հետ ձեռք են բերվել բանավոր պայմանավորվածություններ առ այն, որ վերջիններս զերծ մնան վարչապետի սեփական թեկնածու առաջադրելուց, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա:
 
Այսօր, սակայն, ՀՀԿ-ն որոշակիորեն խմբագրեց Փաշինյանի հայտարարությունը: Մասնավորապես՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՀՀԿ-ն այժմ էլ պատրաստակամ է, որ տրամաբանական ժամկետներում, օրենքները կարգավորելուց հետո, գարնանը միասնական, համերաշխ գնան արտահերթ ընտրությունների՝ առանց ցնցումների. Դեկտեմբերի մեջ տրամաբանական որևէ տեղավորում չկա: Բացի այդ՝ հանրապետականները, ըստ էության, չեն բացառում, որ եթե վարչապետը հրաժարական տա մինչ այդ ժամկետը, ասել է թե դեկտեմբերին՝ ՀՀԿ-ն կառաջադրի իր թեկնածուին: Անգամ եթե Փաշինյանը խորհրդարանական ուժերի հետ կնքի նման սցենարը բացառող հուշագիր-համաձայնություն, իրականում չկա որևէ երաշխիք, որ Հանրապետականները և նրանց միացած ՀՅԴ-ԲՀԿ զույգը չեն խախտի ձեռք բերված համաձայնությունը, հատկապես, որ որևէ պատիժ, ըստ էության, դրա համար նախատեսված չէ:
 
Այլ հարց է , թե ո՞ւմ թեկնածությունը կառաջադրի ՀՀԿ-ն: Հասկանալի է, որ դա պետք է լինի հանրապետական այն եզակի գործիչներից մեկը, ով այս հետհեղափոխական փուլում հաջողացրել է պահպանել իր դեմքը, չի ներքաշվել քրեական գործերի կամ բացահայտված կոռուպցիոն սխեմաների մեջ: Համաձայնեք՝ քիչ են նման գործիչները: Գուցե Դավիթ Հարությունյանը, կամ Վիգեն Սարգսյանը: Ի դեպ, Հարությունյանի թեկնածությունը կարող է ընկալելի և ընդունելի լինել նաև քոչարյանական թևի համար, եթե, իհարկե, Քոչարյան-ՀՀԿ համագործակցության շուրջ որևէ համաձայնություն ձեռք բերվի: Ինչ վերաբերվում է Վիգեն Սարգսյանին, ապա նա պահեստային տարբերակ էր համարվում դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում...
 
Ս. Խաչատրյան