«Ես չեմ ազատվել իմ պաշտոնից, պարզապես իմ պաշտոնավարման ժամկետն է լրացել և ես այլևս չեմ ուզում մասնակցել նոր ընտրություններին»: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ադամյանը՝ անդրադառնալով այն թեմային, թե Շիրակի ՔՊ-ական մարզպետ Կարեն Սարուխանյանը նրան ազատել է «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնից:

Մեր այն հարցին, թե ինչու չի պատրաստվում կրկին ուժերը փորձել այդ ոլորտում, քանի որ 2012թ. պաշտոնավարում է, Ադամյանը պատասխանեց. «Հոգնել եմ, այլ բալա ջան, հոգնել, էլ չեմ ուզում այդտեղ աշխատել»:

 

Այն դիտարկմանը, թե մամուլը գրել է նաև նրա մասին, որ Ադամյանն ունի մի շարք բիզնեսներ (բժշկական կենտրոն, ռեստորան), որոնք կապվում են նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու՝ Տիգրան Սահակյանի անվան հետ, հնարավո՞ր այս բիզնեսներում է ուզում խորանալ և որտեղի՞ց դրանք իրեն` մեր զրուցակիցը բռնկվեց. «Այդ ո՞վ է նման կեղծ լուրեր տարածել, տո գետինը մտնեն հա, Սահակյանի տղեն ի՞նչ կապ ունի բիզնեսներիս հետ: Էդ լուրերը գրողն իմ կենսագրությունը գիտի՞: Վստահ եմ, որ՝ ոչ, որովհետև ես 16 տարեկանից աշխատել եմ ու կոպեկ-կոպեկ իմ բիզնեսներն եմ դրել, նաև բանկերից վարկեր եմ վերցրել լրիվ իմ ուժերով»:

Վերջում Ադամյանն անհեթեթություն համարեց նաև այն տեղեկությունը, թե բժշկական կրթություն չունի և այդպես «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ գործադիր տնօրեն է դարձել. «Ես ունեմ բժշկական կրթություն. որ չունենայի, ո՞նց էի լինելու էդ  պաշտոնին, իսկ ինչ վերաբերվում է մեր մարզպետ Կարեն Սարուխանյանին՝ ես նորմալ հարաբերությունների մեջ եմ իր հետ»:

Արմինե Միքայելյան