Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կարող է մեծագույն ծուղակ դառնալ ոչ միայն իր, այլ նաև Հայաստանի պետականության համար: Մի պահ ենթադրենք, որ Փաշինյանի հրաժարականից հետո խորհրդարանական, կամ եթե կուզեք՝ հակահեղափոխական ուժերն առաջադրում և վարչապետի պաշտոնում են ընտրում իրենց թեկնածուին: Համաձայն սՍահմանադրության Հոդված 149-ի (Վարչապետի ընտրությունը եւ նշանակումը) 5-րդ կետի, հանրապետության նախագահը պարտավոր է անհապաղ հաստատել ազգային ժողովի ընտրած վարչապետին: Սա նշանակում է, որ Արմեն Սարգսյանը պետք է անմիջապես հաստատի խորհրդարանի կողմից ընդունված որոշումը: Այդ պահից ի վեր Հայաստանը կունենա «օրինական» պառլամենտ և «օրինական պառլամենտի կողմից ընտրված օրինական վարչապետ»։

Ի՞նչ է մնում անել Նիկոլ Փաշինյանին. թերևս այն, ինչի մասին հայտարարել է Բաղրամյան պողոտայում՝ հույսը դնել շուրջօրյա հանրահավաքների և ժողովրդի ճնշման վրա: Բնական է, որ ընտրված վարչապետն ունենալու է բոլոր իրավական հիմքերը՝ ուժի միջոցով երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար: Այդ խնդրի լուծման համար նրա տրամադրության տակ են լինելու ոստիկանությունը, ներքին զորքերը, անգամ՝ բանակը: Սակայն հասկանալի է, որ երկրում ամեն դեպքում իրավիճակ է փոխվել, և հետդարձի ճանապարհը նախորդ համակարգի համար հալած յուղի պես անցնել չի կարող:

Սա նշանակում է, որ ուժայինները կարող են չհամաձայնել կատարելու ընտրված վարչապետի հրամանը և չգնալ փողոցում կանգնած քաղաքացիների հետ բացահայտ առճակատման: Եվ այս դեպքում «Հայաստանի վարչապետը ՀՀ պառլամենտի համաձայնությամբ ու հանձնարարությամբ» կդիմի «ՀԱՊԿ անդամ դաշնակից երկրներին՝ Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու խնդրանքով»։ Որևէ մեկը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը՝ րոպե անգամ չի կասկածում, որ ի տարբերություն այլ դեպքերի, այս անգամ ՀԱՊԿ արձագանքը լինելու է չափից ավելի օպերատիվ, նույնիսկ՝ վայրկենական: Խնդիրը հեշտանում է նրանով, որ Գյումրիի բազան բնավ էլ հեռու չէ մայրաքաղաքից և բացի այդ՝ ՀԱՊԿ-ը ատամ ունի Փաշինյանի վրա թիկունքից հարվածելու համար: Թե ինչ կլինի հետո՝ բոլորին էլ պարզ է: