Վարչապետի գլխավոր խորհրդականն արդեն երկրորդ անգամ է Նիկոլ Փաշինյանին բավական անհարմար դրության մեջ դնում: Բանն այն է, որ Արսեն Գասպարյանը կամ տեղյակ չէ վարչապետ Փաշինյանի դիրքորոշումներից, կամ՝ իր պարտքն է համարում մշտապես հակառակ կարծիքն արտահայտել և այդպիսով ՝ ժողովրդավարական կառավարման անհաջող իմիտացիա անել:
 
Շաբաթներ առաջ նույն Գասպարյանը հայտարարել էր, որ գազի գնի իջեցման հիմք այս պահին չկա, և այդ հայտարարությունն արվում էր Նիկոլ Փաշինյանի հավաստիացումների ֆոնին, որ Հայաստանի կառավարությունն անելու է ամեն ինչ՝ առնվազն սահմանից այս կողմ գազի սակագինը վերանայելու համար: Բնական է, որ Փաշինյանի համար անչափ կարևոր է ստեղծված ներքաղաքական կոնֆիգուրացիայում առնվազն պահպանել հանրության դրական տրամադրվածությունը, որպեսզի հույսը չմեռնի ավելի շուտ, քան տեղի կունենան արտահերթ ընտրությունները: Մինչդեռ նրա գլխավոր խորհրդականը կարծես թե նման խնդիրներով գլուխը չի զբաղեցնում՝ ասում է այն, ինչ մտածում է:
 
Հերթական «մտքի գոհարն» էլ Գասպարյանը արտահայտեց այսօր: Պարզվում է՝ ներդրողները ընդհանրապես չեն սպասում արտահերթ ընտրությունների անցկացմանը և հերթ են կանգնել Հայաստանում ներդրում կատարելու համար: Սակայն ո՛չ ներդրողներն են երևում, ոչ էլ, առավել ևս, ներդրումները: Գասպարյանի այս հայտարարությունը էլ ավելի զավեշտալի է վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի արված հայտարարությունների ֆոնին: Բանն այն է, որ արտահերթ ընտրությունների անհապաղ անցկացումը վարչապետը պայմանավորում է հենց ներդրողների ոտքը կախ գցելու հանքամանքով, բազմիցս հայտարարելով, որ միայն ընտրությունների անցկացումից հետո հնարավոր կլինի մտածել տնտեսության զարգացման մասին:
 
Ինչպես ասում են՝ սպասենք Գասպարյանի երրորդ «կիքսին»…
 
Ս.Խաչատրյան