Ներկայիս քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ հայաստանյան հասարակությունն ավելի քան երբևէ՝ մտահոգված է հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարային զարգացմամբ:

2018 թ. հոկտեմբերի 4-ին Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ս. Պ. Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունն այցելեց Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղ: Պատվիրակության կազմում էին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Ս.Ա. Ռիբինսկին, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան երրորդ քարտուղար Պանտելեևը, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Կոսինչիկովան և այլք:

 

Միջոցառումը մեկնարկեց Գ.Վ. Պլեխանովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղի շրջայցով, որի ընթացքում հարգարժան հյուրերը, հոգաբարձուների խորհրդի նախագահ Ա. Ռ. Վարդանյանի և տնօրեն Թ. Ռ. Վարդանյանի ուղեկցությամբ, ծանոթացան տեխնիկական միջոցների, լսարանների, լաբորատորիաների և գրադարանային ֆոնդի հետ:

Առաջին այցի ընթացքում դեսպանը հանդիպեց մասնաճյուղի ուսուցիչների և ուսանողների հետ: Իր խոսքում նա նշեց, որ Հայաստանը եղբայրական երկիր է, որի հետ Ռուսաստանը սերտորեն կապված է. «Հայերը մեծ դեր են խաղում Ռուսաստանի Դաշնության կյանքի բոլոր բնագավառներում: Ներկայում Ռուսաստանը մտադիր է զարգացնել և ամրապնդել բազմադարյա կապը բարեկամական ժողովուրդների հետ՝ մշակութային, հումանիտար, տնտեսական, գիտական և կրթական ոլորտներում, ձգտում է պահպանել ռուսաց լեզվի դիրքը տարածաշրջանում, բայց ոչ ազգային լեզվին վնասելու համար»,- նկատեց Կոպիրկինը:

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանի ելույթից հետո միջոցառումը տեղի ունեցավ ոչ ֆորմալ պայմաններում. մասնաճյուղի ուսանողներն ու ուսուցիչները Սերգեյ Պավլովիչին ուղղեցին քաղաքական, տնտեսական և այլ հարցեր:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանն էլ պատմեց Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի հետ վերջին պայմանավորվածության մասին, այն է՝ երևանյան մասնաճյուղը կհամալրվի բոլոր անհրաժեշտ գիտական և մեթոդական նորություններով, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի, որ բարձր առաջադիմություն ունեցողները մասնագիտական վերապատրաստման դասընթացներ անցնեն տնտեսագիտության համապատասխան ոլորտներում:

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանը պատրաստակամություն հայտնեց ամեն ինչ անել մասնաճյուղի զարգացման համար: Նա հետաքրքրվեց ուսանողական կյանքով, կատարված աշխատանքներով, ինչպես նաև  ուսանողական խորհրդի խնդիրներով:

Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ Պլեխանովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղին ցուցաբերած ուշադրության և հետաքրքրության համար: Նա հույս հայտնեց, որ նման հանդիպումները պարբերական կդառնան՝ նպաստելով Հայաստանում ռուսական այս կարևոր կրթական օջախի մակարդակի զարգացմանն ու բարգավաճմանը: