Օրերս Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արտյոմ Կանևսկոյ մականվամբ հայտնի Արտյոմ Հարությունովին  գրավով ազատ արձակելու՝ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտյոմ Հարությունովի փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

Փաստաբանին մտահոգում է իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը: Ըստ նրա՝ հարուցված քրգործը շինծու է, իսկ մեղադրանք ներկայացնելն ու կալանավորելը՝ անհեթեթություն. «Վստահ եմ՝ գործը դատարան ուղարկելու պարագայում, այն կլուծվի հօգուտ Հարությունովի։ Այս հոդվածը որպես պատիժ նախատեսում է տուգանք կամ ազատազրկում մինչև 4 տարի ժամանակով։ Հետևաբար, օրինակ, եթե մարդը նախկինում դատապարտված լիներ և այլն, այդ դեպքում նորմալ կլիներ խափանման միջոց ընտրել կալանավորումը: Ստացվում է՝ միջին ծանրության հանցագործության մեջ մեղադրվող անձը, որի մեղքն անգամ չի ապացուցվել, դատարանը գրավը բավարար չի համարում, այնինչ՝ վերջին ժամանակներում՝ մեծ թվով մարդիկ, ովքեր Քրեական օրենսգրքի ավելի լուրջ և հիմնավոր  հոդվածներով են մեղադրվում, գրավով ազատ են արձակվել, իսկ մեր միջնորդությունը պարոն դատախազն ու պարոն դատավորը մերժեցին առանց որևէ հիմնավորման»,- ասաց փաստաբանը՝ տեղեկացնելով, որ միջնորդության մերժման ոոշումը ստանալուց հետո պատրաստվում են հերթական բողոքը ներկայացնել Վճռաբեկ դատարան, քանի որ, ըստ իրենց, կայացված որոշումները «աղերս չունեն քրեական դատավարության հետ»։

 

«Զավեշտալին այն է, որ դատախազն ընդամենը 4 նախադասությամբ հայտարարեց, որ վերաքննիչ բողոքն անհիմն է, որը ենթակա է մերժման, վարույթն իրականացնող մարմինն, ըստ էության, հայտարարեց, որ միանում է դատախազի կարծիքին, միևնույն ժամանակ՝ նշելով՝ եթե դատարանը սահմանի գրավի բավարար չափ, այդ դեպքում կրկին թողնում են դատարանի հայեցողությանը։ Սա նշանակում է, որ կարող ենք ենթադրել՝ դեմ չեն, որպեսզի գրավը կիրառվի»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանի խոսքով՝ ակնհայտ խտրականություն է իրականացվում իր պաշտպանյալի և մյուսների նկատմամբ. «Արտյոմ Հարությունովը ապօրինի քրեական հետապնդման է ենթարկվում, բացակայում են կալանավորման հիմքերը: Պաշտպանյալիս բերած փաստարկներին չի ներկայացվում հակափաստարկ, ինչը նշանակում է՝ տեղի է ունենում արդար դատաքննության խախտում: Մեզ տրամադրված նյութերում առկա է մեկ զեկուցագիր, որը հիմք է տալիս ենթադրելու, որ Արտյոմ Հարությունովը կալանավորված է նրա համար, որ ինքը Արտյոմ Կանևսկոյն է։ Ենթադրում եմ, որ մեզ անհայտ ինչ-որ անձանց անհրաժեշտ է, որ Արտյոմ Հարությունովը գտնվի անազատության մեջ»,-նկատեց Էլբակյանը։

 

Նշենք, որ Արտյոմ Հարությունովը ձերբակալվել է այս տարվա հունիսի 28-ին, կալանավորվել` հուլիսի 1-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել է 38.308 հոդվածի առաջին մասով՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, դրդչություն կատարելու համար։

«Ըստ մեղադրանքի՝ Արտյոմ Հարությունովն, իբրև թե, մի շարք պաշտոնատար անձանց դրդել է կեղծ տեղեկատվություններ օգտագործելով՝ իրեն տրամադրել ակնհայտ կեղծ ՀՀ անձնագիր այլ մարդու անուն-ազգանունով։ Սակայն անձնագիրը մինչ օրս չի հայտնաբերվել, և կարծում եմ, որ այն գոյություն էլ չունի։ Արտյոմ Հարությունովը հայտնել է, որ չի եղել Վաղարշապատի անձնագրային բաժանմունքում, չի լուսանկարվել և չի տվել մատնահետք, ինչպես նաև այլ անձի անուն-ազգանունով անձնագրի կարիք չի ունեցել, քանի որ ունեցել է անձնագիր:

Իմ պաշտպանյալի լուսանկարով մեկ փաստաթուղթ է ներկայացվել վարույթ իրականացնող մարմնի կողմից, որն անձնագիր հանելու համար առաջին ձևի փաստաթուղթ է, այնտեղ առկա է Ա. Հարությունովի լուսանկարը, որով, սակայն, նույնացում չի կատարվել։ Այնտեղ առկա է նաև ստորագրություն, ուստի՝ պարզելու համար՝ դա Արտյոմ Հարությունովինն է, թե ոչ, վարույթ իրականացնող մարմինը ստորագրության նմուշ է վերցրել նրանից»,- նշեց Վարդուհի Էլբակյանը՝ ընդգծելով, որ փորձաքննության արդյունքները դեռևս չկան։

Սոնա Հարությունյան