Հայաստանում նոր կառավարության իշխանության գալու առաջին օրերից ամենից շատը պախարակվել է կադրային քաղաքականությունը. պատասխանատու պաշտոններում նշանակվել են մարդիկ, որոնք փորձ չունեն։
 
Նիկոլ Փաշինյանի կադրային որոշումներից բողոքողքներն այս օրերին «մե խինդ մե ուրախություն» են ապրում՝ չհասցնելով անգամ գրառել մեր նախարարների կամ մարզպետների մտքի գոհարները: Թվում էր, թե մաթեմատիկայի հետ խնդիրներ ունենալը՝ ինչը ակնհայտ էր Արարատի մարզպետի դեպքում, չի կարող լուրջ խոչընդոտ հանդիսանալ հաջող կառավարման համար: Ի վերջո, մարզպետարանում թիմ է աշխատում, որը կարող է փոխօգնության հասնել դպրոցում մաթեմատիկայի դասերից խույս տվող մարզպետին:
 
Սակայն համաձայնեք՝ քաղաքական գիտելիքները նման պաշտոնում անհրաժեշտ են, նման գիտելիքների մեջ էլ մտնում է, օրինակ՝ ՌԴ դեսպանին ԵՄ դեսպանից տարբերելը, ինչպես նաև գոնե մոտավոր պատկերացում ունենալը վերոնշյալ ԵՄ կառուցվածքի և բովանդակության մասին: Ըստ երևույթին, Փաշինյանի մյուս ՔՊ-ական կադրը՝ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը գտնում է, որ իրեն նման գիտելիքները բնավ էլ անհրաժեշտ չեն, կարևորը՝ ինքը «սպիտակների» թիմից է և դուխով է:
 
Սեփական թիմում կադրային սով ունենալու մասին վարչապետը խոսեց նաև վերջերս: Փաշինյանը հայտարարեց, թե իր մարզային այցելությունների ընթացքում փորձում է դաշնակիցներ գտնել: Եվ, ըստ երևույթին, հայտնի երգի բառերի հակառակ տրամաբանությամբ՝ խոստովանում, որ «մենակ է, մենակ է, մենակ» է: Իրականում ի՞նչն է խանգարում վարչապետին շտկել այս պատկերը և պաշտոնները բաշխելիս առաջին հերթին հաշվի առնել մասնագիտական կարողությունները: Միգուցե այն մտայնությունը, որ «մինչև չգա նոր հարսը», հնին չես գնահատի: Իրականում, Փաշինյանը հասկանում է, որ նոր կադրերը հներից ոչնչով առավել չեն լինելու: Մինչև խորհրդարանական ընտրություններ նրա համար առանցքային է լինելու այն հանգամանքը, թե որ քաղաքական ուժն են ներկայացնում պաշտոնյաները: Որակի մասին, հուսանք՝ կմտահոգվեն արդեն ներքաղաքական փոթորիկը հանդարտվելուց հետո…
 
Ս.Խաչատրյան