Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հոկտեմբերի 6-ին խորհրդակցություն է անցկացրել ՃՈ հաշվառման քննական ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության պետը նշել է, որ քաղաքացիներից շատերն այսօր դրական են գնահատում ոստիկանության ծառայությունը, և պետք է արվի ամեն ինչ' ճանապարհային ոստիկանի հեղինակությունը հետևողականորեն բարձրացնելու ուղղությամբ:

Վալերի Օսիպյանը խոսել է ծառայության մեջ տեղ գտած թերությունների մասին: Նա նշել է, որ հաճախ քաղաքացիները դժգոհում են հաշվառման քննական ստորաբաժանումների աշխատանքից' մասնավորապես, որ հերթեր են գոյանում, որոնց վերացման համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել:

Վալերի Օսիպյանը կրկին շեշտել է, որ ոստիկանությունում կոռուպցիոն դրսևորումները պետք է բացառվեն, և իր համար անհասկանալի են դեպքերը, երբ մայրաքաղաքում վարորդական իրավունք ստանալու համար վատ քննություն հանձնած քաղաքացին հանկարծ դրական է գնահատվում մարզում: Ոստիկանության պետը խստագույնս զգուշացրել է, որ կաշառակերության որևէ փաստի արձանագրման դեպքում ներում չի լինելու, և պատժվելու է ոչ միայն տվյալ ծառայողը, այլև նրա վերադասը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՃՈ հաշվառման քննական ստորաբաժանումների աշխատանքներին վերաբերող այլ հարցեր ևս: