«Քաղաքականության մեջ երկխոսությունը երբեք չպետք է դադարի: Այդ հնարավորությունը միշտ կա և մենք պատրաստ ենք եղել բանակցել և′ հեղափոխության ընթացքում, և′ վարչապետի ընտրությունից հետո, նույնիսկ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած իրադարձություններից հետո՝ ես սպառված չեմ համարում»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵԼՔ դաշինքի ղեկավար Լենա Նազարյանը։ 

Նազարյանը նաև շատ կարևոր համարեց, որ քաղաքական ուժերը պետք է արդեն շատ ավելի պարզ խոսեն՝ արդյոք պատրաստվո՞ւմ են թեկնածու առաջադրել, եթե վարչապետը հրաժարական տա, արդյո՞ք միանշանակ կողմ են, որ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին, քանի որ դրանք շատ կարևոր նախապայմաններ են  հետագա բանակցությունների համար։ 

 

Այն հարցին, թե անկախ հանգամանքից, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր ուժերին հակահեղափոխական է հռչակել, նրանք պատրաստվու՞մ են գնալ երկխոսությունների, նա ասաց, որ քաղաքականության մեջ երկխոսության հնարավորությունը երբեք չպետք է սպառված համարել, կարող է լինել նույնիսկ այնպիսի իրավիճակ, երբ պետք է անտեսել հոկտեմբերի 2-ի այդ չարամիտ նախագիծը և հասկանալ՝ ինչ կարող են անել, որպեսզի հնարավորինս անցնցում տեղի ունենա այս քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը։ 

Նազարյանը կոչ արեց իր գործընկերներին՝ սթափ գնահատել իրավիճակը, քանի որ թեկնածու առաջադրելու դեպքում նրանք «ճոճում են այն նավակը, որի մեջ իրենք են գտնվում»։