Կառավարությունն օրերս ընդունել է Աշոտ Սիմոնյանին՝ Արագածոտնի, Հրանտ Մարգարյանին՝ Լոռու, Արագած Սաղաթելյանին՝ Վայոց ձորի, Գագիկ Միրիջանյանին՝ Արմավիրի, Իշխան Սաղաթելյանին՝ Գեղարքունիքի, Կարեն Համբարձումյանին՝ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշումներ: Փորձենք հասկանալ, թե այս կարճ ժամանակահատվածում ի՞նչ են հասցրել և որն ամենակարևորն է՝ ինչ չե՛ն հասցրել իրագործել Նոր Հայաստանի «առաջին» մարզպետները:
 
Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետն ի սկզբանե հայտարարել էր, որ իր ուշադրության կենտրոնում է լինելու կոռուպցիայի դեմ պայքարը: Եվ պետք է նշել՝ առաջին 100 օրվա համար արդյունքներն արդեն իսկ ակնառու էին: Իրապահների աշխատանքի շնորհիվ բացահայտվեցին Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի՝ շուրջ 30,000,000 դրամ արժեքով ջրագծի կառուցման ընթացքում արված չարաշահումները, ողջ գումարն էլ վերադարձվեց մարզի բյուջե: Արագածոտնի մարզպետարանի կայքեջից պարզ է դառնում, որ ի տարբերություն իր նախորդների՝ ՀՅԴ-ական նախարար Աշոտ Սիմոնյանն ավելի հակված էր հասարակության հետ անմիջական շփման՝ ի տարբերություն իր նախորդի՝ Գաբրիել Գյոզալյանի՝ ում մարզի բնակչությունը այդպես էլ չհաջողացրեց գեթ մեկ անգամ «բռնացնել» մարզպետարանում:
 
Լոռու մարզում ԲՀԿ-ական Հրանտ Մարգարյանի նշանակումը թեև սկզբնական շրջանում ուղեկցվեց որոշակի կադրային բախումներով՝ կապված փոխմարզպետների նշանակման հետ, սակայն կրքերը շատ արագ հանդարտվեցին: Միևնույն ժամանակ, Լոռու մարզում կուտակված խնդիրներն այնքան շատ են, որ միամտություն կլիներ ենթադրել, որ 5-6 ամիսը կբավարարի դրանց լուծման համար: Մարգարյանի գլխավոր ձեռքբերումն այս ընթացքում կարելի է համարել մարզում գրանցված կոռուպցիոն բացահայտումների թիվը՝ 117 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կոռուպցիոն բացահայտումների թիվն աճել է մոտ 85 տոկոսով:
 
Գեղարքունիքի ՀՅԴ-ական մարզպետ Իշխան Սաղաթելյանն այս ընթացքում բավական ակտիվ աշխատանք է տարել հատկապես մարզում գործարարության, ՓՄՁ-ի աշխատանքի համար բարենպաստ պայմանների ձևավորման, երիտասարդության ՝ մարզի հասարակական-քաղաքական կյանքում ներգրավման ուղղությամբ: Մասնավորապես՝ Սևանի շաքարի գործարանն արդեն իսկ վերաբացման ճանապարհին է, մարզում ստեղծվեց մարզպետին կից երիտասարդական խորհուրդ, ինչը համայնքային կյանքում էական աշխուժություն մտցրեց՝ անգամ այս կարճ ժամանակահատվածում: Նախկին մարզպետի ուշադրության կենտրոնում հատկապես մարզի առողջապահության ոլորտի խնդիրների լուծումն էր: Այսպես՝ մարզի շտապօգնության ծառայությունը համալրվեց նոր ժամանակակից ավոտապարկով, իսկ Սևանի բժշկական կենտրոնի համար մարզպետարանի ջանքերով ձեռք բերվեց համակարգչային շերտագրման սարք, որի շնորհիվ մարզի բնակիչները այլևս ստիպված չեն լինի հասնել մայրաքաղաք՝ բուժզննում անցնելու համար:
 
Վայոց ձորի նախկին մարզպետ Արագած Սաղաթելյանը էականորեն հետ է մնում նախկին գործընկերներից թե՛ կատարած աշխատանքի, թե՛ այդ աշխատանքի արդյունավետության տեսանկյունից: Դա ակնհայտ երևում է մարզպետարանի պաշտոնական կայքեջից, ըստ որի՝ կամ նախկին մարզպետը մարզի 113-ամյա բնակչուհի Սիրանույշ տատիկին այցելելուց և «Անկախությունը՝ գերագույն արժեք» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ անցկացնելուց զատ որևէ այլ գործ չի արել, կամ էլ որոշ մարդիկ թերացել են իրենց ղեկավարի աշխատանքը պատշաճ լուսաբանելու հարցում:
 
Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը ևս ակտիվ պայքար է տարել մարզում կոռուպցիոն սխեմաների, խախտումների բացահայտման ուղղությամբ. դա երևում է Միրիջանյանի ներկայացրած աշխատանքի հաշվետվությունից: Իրականացված աշխատանքների արդյունքում համայնքի բյուջե է մուտքագրվել 2.680.000 հազար դրամ: Հաշվարկվել են նաև ապօրինի շինությունների օրինականացման ծախսերը՝ 59 մլն 800.000 դրամ վերադարձվել է համայնքի բյուջե:
 
Սյունիքի նախկին մարզպետ, և արդեն նախկին ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանը (նա երեկ հայտարարել է ԲՀԿ-ին իր անդամակցությունը դադարեցնելու մասին)՝ այս 5 ամիսների ընթացքում աչքի է ընկել մարզում բնապահպանական ծրագրերի իրականացմամբ: Գուցե և Համբարձումյանի հաշվարկը ճիշտ էր՝ հանքերի աշխարհ Սյունիքում բնակչությանը սոցիալ-տնտեսական խնդիրներից ոչ պակաս մտահոգում է հենց բնության և շրջակա միջավայրի պահպանությունը:
 
Իհարկե, դժվար է գնահատականներ հնչեցնել նախկին մարզպետների, ըստ էության, կիսատ թողնված աշխատանքի վերաբերյալ, սակայն պետք է նշել, որ Նոր Հայաստանի առաջին և արդեն նախկին մարզպետներն ամեն դեպքում փորձել են աշխատել այն ժառանգության հետ, որը նրանց բաժին էր հասել նախորդներից:
 
 
Ստելլա խաչատրյան