Այսօր՝ հոկտեմբերի 8-ի առավոտյան, Արենի համայնքի ղեկավարը և Վայոց ձորի փոխմարզպետը այցելել են Աղավնաձոր բնակավայր, ուր գյուղի խաղողագործները հավաքվել են իրենց անհանգստությունն ու բողոքն արտահայտելու խաղողի մթերման գների հետ կապված։ Վերջիններս հայտնել են իրենց պահանջները, որոնց արդյունքում որոշվեց երեկոյան ժամը  7- ին կազմակերպել հանդիպում մթերողների հետ։ Ներկայում ընթանում են բանակցություններ մթերող կազմակերպությունների հետ:

Բնակիչների պնդմամբ՝ ողջ ձմեռ գրեթե բոլոր մթերողները, այդ թվում՝ Պռոշյանի գինու գործարանը, զանգել են խաղողագործներին և 1 կգ-ի համար առաջարկել առնվազն 350 դրամ: Բնակիչների կարծիքով, վերջին 15-20 օրվա «Արմենիա Վայն» ընկերության գնային քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ արդեն 1կգ-ի համար առաջարկվում է 250 դրամ:

Բազմաթիվ փոքր մթերող ընկերություններ էլ ասում են, որ պատրաստ են անցած տարվա գներով մթերել, պարզապես չեն կարող «Արմենիա Վայն»-ի «գլխից թռնել»:

Համայնքի բնակիչների կարծիքով, այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի. ավում է նրա համար, որպեսզի դժգոհության ալիքներ բարձրանան։

«Թե նախկին կառավարության ժամանակ ճանապարհներ ու գլխավոր մայրուղի էինք փակում, որպեսզի մեր խաղողը մթերեին, հիմա չենք ուզում նման քայլերի գնալ, քանի որ վստահ ենք, որ նոր կառավարությունը կպաշտպանի մեր շահերը և չենք ուզում մեր կառավարության համար նոր խնդիրներ ստեղծել»,-ասում են համայնքի բնակիչները: