Սիսիանցի բազմազավակ մայր Հասմիկ Սարգսյանը 10 000 դրամ գողանալու համար դատապարտվել է 6․5 տարվա ազատազրկման։ Դեռևս նախորդ իշխանության օրոք հարցը բարձրացրել են որոշ հասարակական կազմակերպություններ՝ բողոքելով Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։ 

Առաջին անգամ թավշյա հեղփոխությունից հետո հարցը կրկին բարձրացվում է։ Մի խումբ կամավորներ հավաք են կազմակերպել Վճռաբեկ դատարանի դիմաց՝ «Արդարությունը չի կարող ոտնահարվել»,  «Աղքատ երեխայի համար հաց գողացողը հանցագործ չէ»,  «Աղքատ լինելը հանցագործություն չէ», «Երկրում աղքատությունն է հանցագործություն» գրությամբ պաստառներով։ Նրանց պահանջն է՝ վարույթ ընդունվի Հասմիկ Սարգսյանի վճռաբեկ բողոքը, որով հնարավորություն կընձեռվի բեկանել Վերաքննիչ և Առաջին ատյանի դատարանների անարդար վճիռները և կկանխվի կնոջ ազատազրկումը և նրա խնամքի ներքո երեխաների զրկումը խնամողից։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց այսօրվա հավաքի կազմակերպիչներից՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»  կոալիցիայի համակարգող, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

 

Վերջինս նշեց, որ այս խնդիրը բարձրաձայնելով՝ շատ ավելի գլոբալ խնդիր են բարձրաձայնում, քանի որ Հասմիկ Սարգսյանի նման շատ կանայք կան, որոնց հանդեպ անարդար դատավճիռ է իրականացվել՝ զրկելով նրանց անչափահաս երեխաներին մայրական խնամքից։

«Մենք ունենք օրինակ, որ ամուսինը երեխաների աչքի առջև սպանել է կնոջը, սակայն նրան ընդամենը 3 ու կես տարվա ազատազրկման է դատապարտել դատարանը, սակայն այս դեպքում Հասմիկ Սարգսյանի կողմից գումար հափշտակելու նպատակը եղել է իր անչափահաս երեխաների համար անհրաժեշտ սնունդ գնելը»,-նշեց Հովհաննիսյանը և հավելեց, որ հարցով նաև դիմել են պետական այրերին, որովհետև այստեղ նաև խնդիր ունի պետությունը այնքանով, որ մարդկանց արարքները շատ դեպքերում բխում են սոցիալապես անապահով վիճակից՝ մարդիկ, զրկված լինելով պետության պարտավորություն հանդիսացող սոցիալական ապահովությունից, հայտնվել են ծայրահեղ աղքատության մեջ։

Հովհաննիսյանը նաև նշեց, որ այստեղ կա մեկ այլ խնդիր՝ իրականում գողացված գումարը ոչ թե 10 000 դրամ է, այլ 4000․ «Հասմիկ Սարգսյանը քննիչի պարտադրանքով 4000 դրամը գրել է 10 000 դրամ»։

Զարուհի Հովհաննիսյանը նաև նշեց, որ Հասմիկ Սարգսյանը 10 օր առաջ է վիրահատվել և չի կարողանա մասնակցել այսօրվա հավաքին։

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցն այս թեմայի վերաբերյալ հավելյալ տեղեկություն ստանալու համար զրուցեց նաև Հասմիկ Սարգսյանի հարևանի՝ Սամվելի հետ, որը նշեց, որ նա միշտ է գողություն կատարել, սակայն գյուղացիներից միայն մեկն է բողոքել։

Հարցին՝ ինչպիսի՞ սոցիալական վիճակում է ապրել Սարգսյանը՝ հարևանը պատասխանեց․ «Այնպես, ինչպես բոլորս»։

Հասմիկ Սարգսյանի հարևանը նաև նշեց, որ այս պահին նրանից որևէ տեղեկություն չունեն և արդեն տևական ժամանակ է՝ չեն հանդիպել նրան։ «Երեխաներից մեկը, ամենայն հավանականությամբ, մոր մոտ է, մի երեխան հորաքրոջ մոտ, տղան ծառայում է, իսկ մեծ աղջիկն ամուսնացած է»։ 

Արմինե Արմենակյան