Հայաստանի Հանրապետության վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքի նոր հայեցակարգը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարությունում տեղի ունեցած քննարկման ընթացքում Դանիել Իոաննիսյանը նշեց, որ նոր հայեցակարգով հանվել է տարածքային ցուցակներով (ռեյտինգային) ընտրակարգը: «Սահմանվում է, որ ընտրություններն անցկացվելու են 100 տոկոս համամասնական ընտրակարգով, ֆիքսված ցուցակներով: Ռեյտինգային ընտրակարգն ամբողջությամբ մերժվում է, ինչպես կառավարության ծրագրում է սահմանված»,- ասաց Իոաննիսյանը:

Նա հավելեց, որ Ընտրական օրենսգրքի նոր հայեցակարգով Ազգային ժողովի ընտրությունների համար անցողիկ շեմը կուսակցությունների և դաշինքների համար նվազում է մեկական տոկոսով: Սա նշանակում է, որ կուսակցությունների համար անցողիկ շեմը սահմանվում է 4 տոկոս, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս: «Նախատեսվում է, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի նվազագույն թիվը ներկայիս 3-ի փոխարեն դառնա 4՝ անկախ անցողիկ շեմից: Այսինքն, օրենքով երաշխավորվելու է, որ հաջորդ խորհրդարանում ներկայացված կլինի նվազագույնը 4 քաղաքական ուժ»,- մանրամասնեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարը:

Իոաննիսյանի խոսքով՝ մի փոքր փոխվել են նախընտրական քարոզչության խաղի կանոնները: Տրված են ավելի լայն հնարավորություններ՝ ռեսուրսների հաշվին քարոզչություն իրականացնելու: Այսինքն, անվճար եթերաժամանակն է ավելացվել՝ պետք է լինեն հեռուստաբանավեճեր: Սահմանված է, որ այդ հեռուստաբանավեճերից առնվազն մեկը պետք է լինի առնվազն ընտրական ցուցակների առաջին համարների մակարդակով: Նախատեսված է, որ զինծառայողները պետք է ավելի լայն հնարավորություններ ունենան նախընտրական նյութերին ծանոթանալու համար: Մասնավորապես, հեռուստաբանավեճերը, նախընտրական քարոզչության նյութերը հեռուստատեսությամբ դիտելու հնարավորություն պետք է ունենան, որպեսզի ավելի լավ կողմնորոշվեն, թե ում օգտին են քվեարկելու»,- ընդգծեց նա:

Որոշակի փոփոխություններ են նախատեսված նաև այն նորմերում, որոնք երաշխավորում են, որ ընտրությունները չեն կեղծվելու: «Օրինակ, պատահականության սկզբունքով վերահաշվարկը, որն, ըստ էության, նրա համար է, որ ընտրական տեղամասում պարկը փակելուց՝ անկախ նրանից, թե ինչպիսի մթնոլորտ է եղել տեղամասում, որևիցե մեկը վստահություն չունենա, որ այդ պարկը չի բացվելու: Ինքնասոսնձվող դրոշմանիշերը պետք է ևս մեկ անգամ հաշվարկվեն տարածքային հանձնաժողովում: Շատ փոփոխություններ, որոնք կապված են ընտրությունների օրինականության պահպանման հետ, արդեն իրականացված են»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Ընտրական օրենսգրքի հայեցակարգը հոկտեմբերի 5-ին ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ: «Մեզ համար կարևոր է լսել նրանց կարծիքները, որովհետև այդ կառույցները բավականին փորձառու են, իսկ նրանց փորձագիտական կարողությունները, տեսակետները շատ կարևոր են: Հայեցակարգում իմպլեմենտացված են շատ առաջարկներ գործող Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, որոնք նախկինում եղել են Վենետիկի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ առաջարկներում»,- ասաց նա: