Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայատարել էր, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են և պետք է տեղի ունենան հնարավորինս արագ: Նա ընտրությունների անցկացման ժամկետ էր նշել դեկտեմբերը, սակայն հոկտեմբերի 2-ի երեկոյան հրավիրված ԱԺ-ում տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները կողմ քվեարկեցին ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որն, ինչպես նշում են իշխանական կողմի ներկայացուցիչները, ըստ էության, խոչընդոտելու են ընտրությունների անցկացմանը: Ի դեպ, այս օրերին աղմկահարույց նախագծին կողմ քվեարկած որոշ պատգամավորներ մեկը մյուսի հետևից իրենց աջակցությունն են հայտնում վարչապետի՝ դեկտեմբեր ամսին ընտրություններ անցկացնելու տեսակետին: Այս և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:
 
 
- Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում ներքաղաքական իրավիճակը: Ըստ Ձեզ, Հայաստանում հեղափոխությունն ավարտին հասցվե՞լ է:
 
Իհարկե ոչ: Բայց եթե ամեն բան գնա այսօրվա տրամաբանությամբ, ապա հեռու չէ այն օրը, երբ կհասցվի: Բայց պետք է հասկանալ, որ հեղափոխությունը բազմափուլ և շատ երկարատև ու աշխատատար գործընթաց է: Իշխանափոխության երկարող փուլից հետո դեռևս կա մշակութային, արժեքային, հասարակական հեղափոխության փուլ, որն ամենադժվարն ու երկարատևն է լինելու: Այն ներառելու է իր մեջ մտածողությունից մինչև ռաբիսության և ազգայինի մերժումը մերժելու մոտեցումներ: Դա է ամենածանր փուլը:
 
- Ինչո՞ւ է վարչապետը պնդում, որ մինչև տարեվերջ անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ի՞նչ եք կարծում, այդ դեպքում ինչպիսի՞ դասավորվածություն կլինի խորհրդարանում։
 
- Որովհետև մենք բոլորս հասկացանք, որ ՀՀԿ-ն այլևս դավադրություն է իրականացնում: Ի սկզբանե ճիշտ չէր թողնել Ազգային Ժողովն ու Սահմանադրությունը տեղում, դրանք, ինչպես նաև դատական իշխանությունը պետք է անմիջապես հենց մայիսին լուծարվեին: Հիմա այս պահը ուշ էր, բայց ոչ ուշացած, և վարչապետը փորձում է շատ ճիշտ քայլ իրականացնել:
 
- Ինչպե՞ս կգնահատեք ԲՀԿ-ի կողմից հուշագրի ստորագրումը:
 
- Շատ լավ: ԲՀԿ-ն դուրս եկավ մի իրավիճակից, որում հաստատ չէր շահելու: ԲՀԿ-ի հետագա ճակատագիրն այլևս խորհրդարանական ընտրությունները կորոշեն:
 
- Տեսնո՞ւմ եք հավանականություն, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում այլ ուժերի համախմբում լինի։
 
- Բացառված չէ, բայց դա կերևա ընտրությունների նախօրեին՝ այսինքն՝ շուտով: Ամեն դեպքում, ՀՀԿ-ն կարող է և ընդհանրապես այս ընտրություններին չմասնակցի՝ իր ողջ ռեսուրսը կենտրոնացնելով Հայաստանի նոր իշխանությանը հետևողականորեն վարկաբեկելու վրա, որպեսզի ոչ այս, այլ հաջորդ ընտրություններին իբրև թե վերադարձ ապահովեն: Դա, իհարկե, տեղի չի ունենա և ՀՀԿ-ն կբռնի ՀՀՇ-ՀԱԿ-ի ուղին, բայց դա արդեն այլ թեմա է:
 
- Հայաստանում տեղի ունեցող գործընթացներում արտաքին գործոն կա՞, թե՞ դրանք կապված են ներքին խնդիրների հետ:
 
- Առայժմ չկա կարծում եմ: Բայց եթե հակահեղափոխությունը հաջողեր, իսկ դրա շանսերը հենց այսօր զգալիորեն նվազեցին, ապա անպայմանորեն կլիներ: Ընդհանրապես, հեղափոխական իրավիճակներում, երբ հակահեղափոխություններ են ծագում՝ արտաքին ինտերվենցիաները շատ հաճախ դառնում են անխուսափելի: Ամեն դեպքոմ վերջին շրջանում, աշխարհում ամեն տեղ հակահեղափոխություններին ուղեկցել կամ օգնության են հասել արտաքին ինտերվենցիաները: Հուսանք՝ Հայաստանին դա այլևս չի սպառնա: Կարծես թե իրադարձությունները զարգանում են ժողովրդի համար նպաստավոր սցենարով: Բայց թուլանալ և զգոնությունը կորցնել չի կարելի: Անհրաժեշտ է անկանգ գնացքի պես առաջ գնալ՝ ճանապարհին սրբելով նախկին ռեժիմի բոլոր մնացորդները և մեկընդմիշտ այրել նրանց վերադարձի բոլոր կամուրջները: Վերջապես, անհրաժեշտ է կոշտագույն միջոցներ ձեռնարկել: Այլընտրանք չկա, եթե ուզում ենք նոր և մեզ արժանի Հայաստան կառուցել:
 
Սոնա Հարությունյան