«Սրտի հետ կապված չգիտեմ, բայց Արայիկ Խանդոյանն ուներ առողջական մի շարք խնդիրներ, հետո 19 անգամ վիրահատվել է, իսկ այն դաժան ծեծը, որը տեղի ունեցավ դատարանում, իր վրա շատ վատ է անդրադարձել»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Սասնա Ծռեր» կուսակցության համակարգող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը, անդրադառնալով այն հարցին, թե «Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանը  նախկինում սրտի հետ կապված որոշ խնդիրներ ուներ:

Ավետիսյանի խոսքով՝ Խանդոյանը  ճնշման խնիրներ ուներ,  ինչպես նաև անընդհատ գանգատվում էր գլխացավերից. «Իր վիճակը բանտում գնալով վատացավ, արդեն տեսողության խնդիրներ էր ունենում, նրա վիճակն էականորեն տարբերվում էր կալանքից առաջ և հետո: Բժշկական շատ մանրամասների չեմ տիրապետում, բայց կարող եմ ասել, որ բանտը առողջարան չէ և փաստ է, որ դա շատ վատ անդրադարձավ իր առողջական վիճակի վրա»: 

 

Նշենք, որ երեկ երեկոյան սրտի կաթվածից մահացել է «Միայնակ Գայլ» անունով առավել հայտնի Արայիկ Խանդոյանը:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 17-ին Արայիկ Խանդոյանը «Սասնա Ծռերի» մի շարք անդամների հետ գրավեց ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գունդը: Վերջինս  մեղադրվում էր կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք փոխադրելու, պատանդ վերցնելու և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զենք հափշտակելու մեջ։

Հիշեցնենք նաև, որ այս տարվա օգոստոսի 17-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կալանքից ազատ արձակեց «Սասնա Ծռեր» զինված խմբի առանցքային անդամներ Արայիկ Խանդոյանին և Վարուժան Ավետիսյանին:

Արմինե Միքայելյան