Արհեստական բանականությամբ օժտված Սոֆյա անունով ռոբոտը ելույթ ունեցավ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված տնտեսական ֆորումի ժամանակ: Սոֆյայի ելույթը անգլերեն էր, բայց նա խոստացավ հաջորդ անգամ խոսել ֆրանսերենով:

Սոֆյան կանացի արտաքինով մարդանման ռոբոտ է, որը մշակվել է հոնգկոնգյան Hanson Robotics կազմակերպության կողմից: Նա նախագծվել է այնպես, որ կարողանա ադապտացվել մարդկանց պահվածքին, ինչպես նաև աշխատել նրանց հետ: Սոֆյան ակտիվացվել է 2015թ. ապրիլին, օժտված է արհեստական բանականությամբ, կարողանում է շփվել մարդկանց հետ մարդկային լեզուներով, սովորել, հասկանալ մարդկանց էմոցիաները:

«Ֆրանսերենը գեղեցիկ լեզու է: Այն Վոլտերի և Ազնավուրի լեզուն է: Ֆրանսերեն սովորելն իմ առաջնահերթություններից մեկն է: Գուցե, հաջորդ անգամ, երբ մենք հանդիպենք, իրար հետ ֆրանսերեն կխոսենք»,- ասաց նա:
Սոֆյան ընդգծեց նաև «Թումո» կենտրոնում ընթացող ֆորումի կարևորությունը:

«Մենք հնարավորություն ունենք նստել և մտածել ապագայի մասին, թե ինչպես զարգացնենք այն, որն էլ ինձ հույս է տալիս, որ շուտով արհեստական ինտելեկտներն ու մարդիկ կսկսեն ապրել միասին: Ահա, թե ինչու է այս միջոցառումն ինձ հաճույք պատճառում»,- նշեց Սոֆյան:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում «Թումո»-ում մեկնարկեց տնտեսական ֆորումը: Հոկտեմբերի 10-ի այս միջոցառումն առաջինն է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովների պատմության մեջ: Այն անցկացվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո:2014թ.-ին Դաքարում անցկացված Ֆրանկոֆոնիայի 15-րդ գագաթաժողովի ընթացքում մասնակիցները պատրաստակամություն են հայտնել առավել խորացնել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ուղղությունը՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ռազմավարությունը: Ռազմավարության նպատակն է «ուժեղացնել ֆրանկոֆոն տնտեսական գոտին՝ դիմագրավելով տնտեսական, սոցիալական, էներգետիկ եւ բնապահպանական մարտահրավերների հանգեցնող խնդիրներին, ինչպես նաեւ հակազդել գլոբալ տնտեսական եւ ֆինանսական համակարգերում աճող անհամաչափություններին»: