Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ հայերն ու ֆրանսիացիները կիսով չափ հայրենակիցներ են: Այս մասին նա հայտարարել է Երևան ժամանելուց հետո 24News-ի հետ բացառիկ հարցազրույցում: 

«Շատ ուրախ եմ այսօր ժամանել Հայաստան, Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին մասնակցելու համար: Հայաստանը մեզ համար շատ թանկ երկիր է: Հայերը կերտել են Ֆրանսիայի պատմությունը, մենք, կարելի է ասել, կիսով չափ հայրենակիցներ ենք, և հայերը կազմում են մեր պատմության և հպարտության բաղադրիչ մասը: Շատ ուրախ եմ, չնայած որ վշտացած եմ Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Նշեմ նաև, որ սա շատ կարևոր գագաթաժողով է, և առաջիկայում սպասվում է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ընտրությունը»,-ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահն ու նրա տիկին Բրիդջիթ Մարի-Կլոդ Մակրոնը Հայաստան են ժամանել չորեքշաբթի ուշ երեկոյան: Մակրոնը և ևս 26 երկրի ղեկավար ու շուրջ 80 երկրի ներկայացուցիչներ մասնակցում են Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին: