Նիկոլ Փաշինյանը պաշտոնը ստանձնելուն պես հայտարարել էր՝ պետական բյուջեից հատկացված յուրաքանչյուր լումա պետք է ծախսվի տրամաբանված, և դա առաջին հերթին վերաբերվում է պետական ապարատի ծառայողներին և ղեկավարներին: Նախարարությունների կարիքների բավարարման նպատակով արված գնումների ցուցակներին գցած մեկ հայացքն էլ բավարար է, սակայն, հասկանալու համար, որ նորերը հներին ոչնչով չեն զիջում, թերևս՝ միայն ախորժակի ծավալով, այն էլ, ինչպես ասում են՝ դեռ «հում» են, «կեփվեն» պետական ապարատում՝ հետո կերևա:
 
Այսպես օրինակ, տպավորություն է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը աշխատում է միայն իր սեփական հարմարավետությունն ապահովելու ուղղությամբ: Նախարարության գնումների շարքում են սննդամթերքը, վառելիքը, սանիտարահիգիենիկ նյութերը, նույնիսկ՝ ծխախոտ: Բացի այդ, նախարարությունը մրցույթ է հայտարարել և ցանկանում է օդօրակիչներ գնել ԱՍՀՆ և ՍԱՊԾ կարիքների համար, ինչպես նաև կենցաղային տեխնիկա Թալինի, Վանաձորի, Ամասիայի, Մալաթիա-Սեբաստիայի, Հրազդանի, Շենգավիթի, Տաշիրի, Ախուրյանի ՀՍԾՏԿ-ների կարիքների համար: Առողջապահության նախարարությունը բջջային հեռախոսների, իսկ ԱԳՆ-ն՝ վերջին հեռախոսային ծառայությունների ձեռքբերման սուր կարիք են զգացել, իսկ ամենահամեստը գտնվել է Սփյուռքի նախարարությունը, որը սահմանափակվել է նոթատետրեր, գրիչներ և սոսինձ գնելով: Թեեւ, հաշվի առնելով նախարարության ՕԳԳ-ն՝ այս ծախսն էլ կարելի է համարել ավելորդ:
 
Մնացած գերատեսչությունները՝ մասնավորապես՝ ՊՆ-ն, ԱԻՆ-ը, Էներգետիկայի նախարարությունը կամ չեն ներկայացրել հետհեղափոխական Հայաստանում իրենց կատարած գնումները, կամ սահմանափակվել են դասական տարբերակով՝ գնելով բենզին և անվադողեր: Գաղտնիք չէ, որ Հայաստանի պետական հիմնարկներում այս երկու ապրանքն ամենապահանջվածն են: Հետաքրքիրն այն է, որ անգամ ծառայողական մեքենաների համատարած կրճատման պայմաններում բենզինի և անվադողերի պահանջարկը ոչ միայն չի նվազում, այլև ավելանում է:
 
Ս.Խաչատրյան