Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Համաձայն այդ հաղորդագրության՝ Արմեն Ավետիսյանը, 2001 թվականից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը:
 
 Արմեն Ավետիսյանը ջերմ հարաբերություններ է ունեցել եւ ունի Սերժ Սարգսյանի հետ։ Ս. Սարգսյան–Ա. Ավետիսյան տանդեմը ստեղծվել է դեռևս ԱԱԾ–ում, երբ երկուսն էլ այնտեղ էին աշխատում, մեկը կառույցի ղեկավարի, մյուսը՝ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարով զբաղվող ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում։ Պաշտպանության նախարար եղած ժամանակ Սարգսյանը Ավետիսյանին տեղավորեց Մաքսային պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնում և շատերի կարծիքով, այդպես վերահսկողության տակ առավ ներմուծման ոլորտը։ Մաքսայինն այդ տարիներին վերածվել էր յուրօրինակ փականի, որն ըստ նպատակահարմարության էր բացվում կամ փակվում։ Մամուլի բազմաթիվ հրապարակումների համաձայն՝ Արմեն Ավետիսյանը մի քանի տարում դարձավ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։
 
Ինչ վերաբերում է «Գոլդեն Փելես»-ին, ապա, ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ հյուրանոցի սեփականատեր էր համարվում Արտաշես Ավետիսյանի քեռին` Կապի եւ տրանսպորտի նախկին փոխնախարար Հայկ Ճշմարիտյանը: Հանրության համար, սակայն, այդպես էլ անհասկանալի մնաց, թե փոխնախարարը ինչպես ձեռք բերեց այդ բիզնեսը և ինչպես այն փոխանցվեց իր քրոջ որդուն: Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո հյուրանոցի սեփականատիրոջ էստաֆետը փոխանցվել է Սերժ Սարգսյանին, և նա իր թիմի ներկայացուցիչներին է հանձնել դրա ղեկավարումը, մասնավորապես՝ Արմեն Ավետիսյանին:
 
Ավետիսյանն աչքի է ընկել թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի օրոք: Հաշվի առնելով՝ որքան կոռուպցիոն պատմությունների մեջ է հայտնվել վերջինս՝ նրան կարելի է համարել նախորդ համակարգի քրեաօլիգարխիկ հենասյուներից մեկը: Գուցե ԱԱԾ-ն Ավետիսյանի նկատմամբ քեական գործ հարուցելով փորձում է աքցանների մեջ վերցնել երկրորդ նախագահ Քոչարյանին, սակայն ԱԱԾ հայտարարության շեշտադրումը, այն, որ իրավապահները քայլեր են ձեռնարկում հնարավոր մյուս սեփականատերերին պարզելու ուղղությամբ՝ արդեն իսկ հուշում է, որ քրեական այս գործի կծիկը կարող է հասնել մինչը ՀՀ երրորդ նախագահ…