Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ քննարկել է հայ-վիետնամական հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: 

Կողմերն անհրաժեշտ են համարել տնտեսության ոլորտում փոխգործակցությանը նոր թափ հաղորդելը և համոզմունք հայտնել, որ առկա է մեծ ներուժ: Զրուցակիցները նշել են, որ առևտրատնտեսական ծավալների ավելացմանը մեծապես կնպաստի գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, մեքենաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների միջև հետևողական քայլերի իրականացումը: Երկուստեք հեռանկարային է համարվել համագործակցությունը նաև առողջապահության ոլորտում, այդ թվում` համատեղ կրթական փոխանակության ծրագրերի իրականացումը: 

Հայաստանի վարչապետը և Վիետնամի փոխվարչապետն ընդգծել են դիվանագիտական կապերի զարգացման և բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման կարևորությունը: