Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել հայտնի Bloomberg գործակալությանը: Ժողովրդավարական «թավշյա հեղափոխությունից» 5 ամիս անց ՀՀ երկրորդ նախագահը հայտարարել է, որ վերադառնում է քաղաքականություն՝ մարտահրավեր նետելու նոր կառավարությանը: «Ես տեսնում եմ կառավարության թերությունները: Նրանք ռացիոնալ քննադատության կարիք ունեն»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: Միևնույն ժամանակ, նա չի նշել, թե ինչ կփոխեր:
 
Քոչարյանը նաև հայտարարել է, որ չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին. «Որքան հասկանում եմ, ընտրությունները կայանալու են դեկտեմբերին և դա լինելու է Փաշինյանի անձնական հաղթանակը։ Սակայն դա լինելու է մեր երկրի լրջագույն պարտությունը»,–լրատվամիջոցին ասել է Քոչարյանը։
 
Հասկանալի է, որ վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները էականորեն արագացրել են քաղաքական ժամանակը և լուրջ շտկումներ մտցրել Ռոբերտ Քոչարյանի գծած ծրագրի մեջ: Նա օբյեկտիվորեն ստիպված է թայմ-աութ վերցնել այն պարզ պատճառով, որ Քոչարյանի բոլոր հնարավոր պոտենցիալ դաշնակիցներն իրենք են այս պահին երկմտում՝ մասնակցե՞լ ընտրություններին, թե՝ ոչ, մյուս կողմից՝ սեփական քաղաքական թիմով հայտ ներկայացնելու համար պարզապես ժամանակ չի մնում: Հոկտեմբերի 2-ի ձախողված լից-կրիգից հետո, քաղաքական ուժերը կարծես թե եկել են ընտրությունների հարցում ընդհանուր հայտարարի, ինչը Քոչարյանին զրկում է մանևրելու դաշտից:
 
Սակայն Երկրորդ նախագահի վերադարձը ավելի քան հավանական է արդեն հետընտրական փուլում և Քոչարյանի՝ կառվարությանը ռացիոնալ քննադատելու մասին խոսքերը հենց դրա մասին են վկայում: Հետընտրական շրջանում է, որ առավել արդիական է դառնալու կառավարության աշխատանքի արդյունավետության սթափ գնահատումը, և, ըստ երևույթին, Երկրորդ նախագահը նախատեսում է խաղի մեջ մտնել հենց այդ ժամանակ…
 
 
Ս.Խաչատրյան