Նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանն արդեն հանձն է առել իր պարտականությունները՝ նախ նա գնացել է ահազանգի հետքերով և կասեցվել է հերթական ապօրինի շինարարությունը, այնուհետև քաղաքապետն այցելել է Նուբարաշենի աղբավայր։

Քաղաքապետի ակտիվ աշխատանքների և, ընդհանրապես, նոր ձևավորված ավագանու աշխատանքների մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության նախկին անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանի հետ։ 

 

Վերջինս նշեց, որ ողջունում է նոր քաղաքապետի գործունեությունը, սակայն կարծիք կհայտնի, երբ արարման աշխատանքներ տեսնի։

Հարցին՝ նոր քաղաքապետը կկարողանա՞ լուծել այն խնդիրները, որոնք նախկին քաղաքապետի օրոք չլուծվեցին՝ Իգիթյանը պատասխանեց․

«Խնդիրները եղել են և էլի պետք է լինեն, որովհետև քաղաքը կենդանի օրգանիզմ է և չի կարող պատահել, որ խնդիրներ չլինեն։ Ես ցանկանում եմ, որ նոր քաղաքապետը սխալներ կատարելուց չվախենա, որովհետև ով գործում է, նա է սխալվում։ Մեզ պետք է գործ անող մարդ, և ես հույս ունեմ, որ նա գործ անող կլինի»։

Լինելով նախկին ավագանու անդամ՝ Իգիթյանը կարևորում է, որ քաղաքապետարանում լինեն մշակութասեր և քաղաքն իսկապես սիրող մարդիկ։

«Քաղաքապետարանը միշտ մեկ բանի կարիք ունի՝ ուսյալ, մշակութասեր մարդկանց։ Երևանով հիվանդ մարդիկ են պետք նոր քաղաքապետարանին»,- ասաց Իգիթյանը։

Իգիթյանը զերծ մնաց համեմատելուց և նոր ավագանու աշխատանքներին գնահատականներ տալուց. «Չեմ պատրաստվում և չեմ սիրում գնահատականներ տալ»։