Գրեթե 15 օր առաջ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սպասվում է համաներում, սակայն դեռևս հայտնի չէ, թե առհասարակ քանի անձի և որ հոդվածներով դատապարտված ու կալանավորված անձանց վրա կտարածվի համաներումը: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ նշել էր, որ Երևանի պատմության մեջ լինելու է ամենամեծ համաներումը. «Նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Մինչ այդ` քննարկումները փակ են»,-ասաց Զեյնալյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը տեսակետ հայտնեց, որ պետք է զրոյացնել ամեն ինչ և նորից սկսել. «Ապագա համաներմամամբ պետք է կարճել բոլոր քրեական գործերը, բացառությամբ սպանությունների, ավազակային հարձակումների, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացումների: Առանձնապես ծանր հոդվածներով անձանց գործերը պետք է թողնել քննվի, իսկ մյուսներին պետք է ազատել, բայց պայմանով՝ եթե համաներումով ազատվածը ապագայում կատարի նոր դիտավորյալ հանցագործություն, ապա այս ներվածը միացնել նոր կատարածին»,- ասաց փաստաբանը:

 

Նրա կարծիքով՝ համաներումն անհրաժեշտ է. «Վաղուց չի եղել և հետո՝ նոր ժամանակներ են, և դա պետք է վերաբերվի բոլորին, նույն դատապարտյալն ու կալանավորն էլ պետք է հասկանան, որ Հայաստանում բան է փոխվել»,- նկատեց Սիրունյանը:

Ըստ տեղեկությունների, հաշվի առնելով, որ վերջին` 2013 թվականի համաներմամբ պատժից ազատել են այն անձանց, որոնց նկատմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկում է նշանակված եղել, ապա ներկայում որոշել են մեկ տարով էլ շեմը բարձրացնել: Ասել է թե՝ պատժից ազատ են արձակվելու այն անձինք, որոնց նկատմամբ առավելագույնը 6 տարի ժամկետով ազատազրկում է նշանակված: 

Սոնա Հարությունյան