Նոր կառավարության տնտեսական քաղաքականության շուրջ նոր կրքեր են բորբոքվում: Մի պարագայում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե տնտեսությունը թափ է հավաքում թռիչքաձև զարգացման համար,ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը փաստում է, որ եթե մոտ ապագայում փաստաթղթի տեսքով չլինի տնտեսական քաղաքականության ուրվագծային տեսլականը, տնտեսական աճը ռեգրեսի կգնա, իսկ տնտեսությունն այս պահին կանգառի մեջ է: Այն, որ տնտեսությունն աճում է միայն «թղթի վրա»՝ ակնհայտ է անգամ շարքային քաղաքացիներին, սակայն, համաձայնեք՝ անսպասելի է նման ակնեղծացում լսել ՊԵԿ ղեկավարից:
 
Ի՞նչ է ակնարկում Անանյանը: Եթե տնտեսությունը կանգառի մեջ է, ինչպես նշում է ՊԵԿ նախագահը, ստացվում է՝ թավշյա հեղափոխությունից հետո արձանագրված տնտեսական աճը միայն թղթի վրա է և այս հինգ ամիսների ընթացքում որևէ առաջընթաց, առավել ևս՝ թռիչք չի եղել. այն ամենը, ինչ հաջողվել է անել ներկայիս կառավարությանը՝ տնտեսական բալանսը քիչ թե շատ պահելն է, որն, ի դեպ, այնքան էլ լավ չի ստացվել: Մասնավորապես, ԱՄՀ կանխատեսումներով, 2018թ. Հայաստանում գնաճը կլինի 3 տոկոսի մակարդակում։ Մինչ հասարակության եկամուտները կմնան նույնը՝ սպասվում է թանկացումների լուրջ ճնշում։ Հատկապես, որ այն սովորաբար արտահայտվում է առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում, որտեղ արդեն իսկ նկատվել է գնաճ: Դա, ինքնաբերաբար, բերելու է հասարակության, առավել եւս՝ անապահով խմբերի սոցիալական պայմանների վատացման։ Որքան էլ իշխանափոխության օրերին մեծ սպասելիքներ կային սոցիալական վիճակի բարելավման գործում, էական նշանակություն ունեցող մեկ այլ կարեւոր գործոնի՝ աշխատատեղերի բացման հետ կապված, այնուհանդերձ, այս առումով եւս հասարակությունը ուրախանալու առիթ չունի։ Գործազրկության մակարդակը Հայաստանում շարունակում է մնալ խիստ բարձր։
  
Սակայն ակնհայտ է, որ այսպես չպետք է լիներ, եթե կառավարության՝ կոռուպցիայի դեմ ծավալած պայքարն ի վերջո արդյունք տար: Սյունիք այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կոռուպցիոն սխեմաների բացահայտումների արդյունքում պետությանը վերադարձված միջոցներից 10 մլրդ դրամը կհատկացվի համայնքներին` որպես սուբվենցիա։ Իրականում, պարզվում է, որ ոչ միայն վարչապետի հիշատակած 10 միլիարդը, այլև թալանված գումարներից ընդհանրապես ոչ մի լումա մինչև օրս բյուջե չի հասել։ 3 քննչական մարմիններում քննվող քրեական գործերով ու պաշտոնապես հայտարարված տվյալներով, 2018թ.-ի մայիսի 8-ից մինչ օրս հայտնաբերվել, բացահայտվել կամ հիմնավորվել են 13 218 184 874 դրամի չարաշահումների, հափշտակությունների, պետությունից թաքցված ունեցվածքի դեպքեր: Եթե այս տվյալներին ավելացնենք նաև հուլիսի 7-ին ՀՔԾ հայտարարած նոր տվյալները` Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող 3 341 834 290 դրամի մասին, ապա այդ թիվը կգերազանցի արդեն 16 մլրդ դրամը, ավելի կոնկրետ` կհասնի 16 560 019 164 դրամի:
 
Մինչդեռ այդ գումարները բյուջե չեն մտել, հետևաբար՝ դժվար էր ակնկալել տնտեսական աճ: Այն պարզապես չկա, առկա է տնտեսական աճի փայլուն իմիտիացիա: Չկա նաև ներդրումային բումը: Հարց է առաջանում՝ ո՞վ է ներդրումների բացակայության պատճառը, երբ տնտեսության վիճակը ողբալի է: Իսկ դիմացը՝ սպասվող ձմռան դժվար ամիսներին զուգահեռ՝ հասունանում է ժողովրդին պատասխան տալու ժամանակը, այդ իսկ պատճառով, կարելի է ենթադրել, որ հնարավորինս արագ արտահերթ ընտրությունների կազմակերպումը ոչ միայն օրախնդիր է, այլ նույնիսկ փրկօղակ:
 
Ի դեպ, Անանյանի նման անկեղծացմանը նախորդել է վերջինիս մոտալուտ հրաժարականի մասին մամուլում տեղ գտած տեղեկատվությանը: Եթե այն համապատասխանում է իրականությանը, ապա նման կտրուկ հայտարարությունը կարելի է համարել յուրահատուկ «եզրափակիչ ակորդ», որով ՊԵԿ նախագահը փորձել է բացահայտել տնտեսության իրական վիճակը և այդ վիճակի հիմնական մեղավորներին: