Այս օրերին տեղի է ունենում ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումը, որով խորհրդարանում ներկայիս 3-ի փոխարեն առնվազն 4 ուժ պետք է լինի: Ներկայում ընթացող քաղաքական գործընթացների տրամաբանությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ նորընտիր խորհրդարանում մենք կունենանք Երևանի ավագանու ընտրությունների մանրապատկերը: ԱԺ-ում միանշանակ ներկայացված կլինեն «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որը կստանա ձայների բացարձակ մեծամասնությունը, երկրորդ տեղը կզբաղեցնի ԲՀԿ-ն, երրորդը՝ «Լույս» դաշինքը: Այս պարագայում գլխավոր ինտրիգն է, թե որ քաղաքական ուժը ի վերջո կզբաղեցնի նոր օրենսգրքով սահմանված՝ չորրորդ տեղը: Փորձենք վերլուծել տեսականորեն այս տեղը զբաղեցնելու հնարավորություն ունեցող երեք ուժերի՝ ՀՅԴ-ի, «Սասնա Ծռեր»-ի և «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության շանսերը և նաև այն, թե այս ուժերից որ մեկի հայտնվելն է ԱԺ-ում ավելի ձեռնտու հենց Նիկոլ Փաշինյանին:

Ապագա խորհրդարանում հայտնվելու քաղաքական հայտ ներկայացրած «Սասնա Ծռեր»-ի հետ Փաշինյանի հարաբերությունները շարունակում են բարդ մնալ, միևնույն ժամանակ, «Ծռերին» խորհրդարանից դուրս թողնելը լուրջ ռիսկ է Փաշինյանի համար՝ այն պարզ պատճառով, որ վերջիններս չեն հայտարարել զինված պայքարի էջը փակելու մտադրության մասին: Այս պարագայում, Փաշինյանին ձեռնտու է Ծռերին խորհրդարան բերելով՝ լեգիտիմացնել՝ նվազագույնի հասցնելով հնարավոր անցանկալի սցենարները: Մյուս կողմից՝ Փաշինյանը պետք է հաշվի առնի, թե ինչպիսին կլինի արտաքին քաղաքական կենտրոնների արձագանքը և ինչպիսի գին նա կվճարի «Ծռերի» աջակցության դիմաց, եթե ի վերջո նրանք հայտնվեն երկրի խորհրդարանում: Հիշենք՝ ԱՄՆ՝ արդեն հեռացող դեսպանի վերջերս արված հայտարարությունը, առ այն, որ ԱՄՆ-ն չի աջակցում այնպիսի խմբերին, ինչպիսին «Սասնա Ծռեր»-ն են, որոնք բռնությունը գերադասում են երկխոսությունից:
 
Չորրորդ ուժի դերում ՀՅԴ հայտնվելն ավելի իրատեսական է թվում, չնայած այս քաղաքական ուժի համար դեռևս առկա է ռիսկը, որ վերջին շրջանում կուսակցության ղեկավարության «հակահեղափոխական» քայլերի հետևանքով, ՀՅԴ մի ստվար ընտրազանգված կարող է անցնել նույն «Սասնա Ծռեր»-ի կողմը:Մամուլում առկա որոշ տեղեկությունների համաձայն՝ ՀՅԴ-ն մտադիր է ժողով հրավիրել ու փոխել Հրանտ Մարգարյանին: ՀՅԴ-ն կրկի՞ն «սփյուռքյան» կուսակցություն կդառնա: Այս սցենարի իրական լինելու հնարավորության օգտին է խոսում այն, որ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում հանդիպել է ՀՅԴ տեղի ղեկավարության հետՆման ռեստարտը մի կողմից թույլ կտա ՀՅԴ-ին դառնալ չորրորդ տեղի գլխավոր հավակնորդ, մյուս կողմից՝ հասկանալի է, որ այդ քաղաքական ռեբրենդինգի գործընթացը բավական երկար ժամանակ է պահանջելու:
 
Ինչ վերաբերում է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությանը, ապա այս քաղաքական ուժի ղեկավար Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ կուսակցությունը միանշանակ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Արդեն իսկ կարելի է փաստել, որ «Ալյանս»-ը քաղաքական դաշտում ակտիավացել է: Վերջերս անցկացված կուսակցության ներկայացուցչական համագումարը և Ուրիխանյանի պարբերական հանդիպումները հանրության լայն շերտերի ներկայացուցիչների հետ, նրա հաճախակի դարձած շփումները Փաշինյանի հետ՝ ասվածի վառ վկայությունն են: Հանդիսանալով բավական երիտասարդ քաղաքական ուժ՝ «Ալյանս»-ը կարող է նոր շունչ հաղորդել քաղաքական ստագնացիայի (լճացում) մեջ հայտնված Ազգային Ժողովին: Այս տեսանկյունից՝ Ուրիխանյանի կուսակցության համար խորհրդարանում հայտնվելու ռեալ շանս է ուրվագծվում:
 
Վերջին հաշվով, հստակ է, որ ԱԺ արտահերթ ընտրություններում ՔՊ-ից զատ՝ մյուս ուժերի խնդիրը լինելու է միմյանց հաղթելը, որովհետև գլխավոր հաղթողի հավակնորդը պարզ է և միարժեք: Այնպես որ, նրանց պայքարը լինելու է իրար, ոչ թե Փաշինյանի դեմ: Ֆորմալ առումով, այս դեպքում պայքարը կլինի ընդդիմություն-ընդդիմություն ֆորմատով, որովհետև իշխանությունն այս դեպքում դրանից և մրցակցությունից դուրս է, ընդ որում՝ այսպես ասած, առանց իշխանական դիրքը չարաշահելու:
 
Ստելլա Խաչատրյան