Փաստաբան Արա Ղարագյոզյանը դիմել է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և մտահոգություն հայտնել համաներման մասին օրենքի նախագիծը Կառավարությունում դռնփակ քննարկելու վերաբերյալ: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Ղարագյոզյանը։

Картинки по запросу Փաստաբան Արա ՂարագյոզյանՓաստաբանի խոսքով՝ համաներումը չպետք է տարածվի խոշտանգման մեջ մեղադրվողների վրա, ուստի՝ իրավական մասը կարգավորելիս Արդարադատության նախարարը անմիջական դերակատարում պետք է ունենա․ «Հարկավոր է Քրեական օրենսգրքի 309 պրիմ 1 հոդվածի վրա արգելք դնել և խոշտանգումների մեջ մեղադրվող անձանց նկատմամբ համաներում չկիրառել։ Ինչպես օրենքում է ասվում՝ տուժողների իրավունքները պետք է վերականգնվեն և նրանք պետք է փոխհատուցում ստանան։ Եթե խոշտանգումների հոդվածի վրա համաներում տարածվի՝ կստացվի, որ տուժողները չեն կարողանա փոխհատուցման իրավունքից օգտվել: Պաշտոնատար անձանց կողմից խոշտանգումների բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, սակայն այս պահին դրա համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձ չկա»,- նշեց փաստաբանը՝ ընդգծելով, որ խոշտանգումը ոչ միայն մարմնական վնասվածք է, այլև հոգեբանական։ 

Նրա խոսքով՝ մինչ Արդարադատության նախարար լինելը, Արտակ Զեյնալյանը մշտապես հայտարարել է, որ խոշտանգումների վրա պետք է համաներում չլինի, այս առումով՝ փաստաբանը հույս հայտնեց, որ Զեյնալյանը նույն մտքին կլինի նաև որպես Արդարադատության նախարար:

Նշենք, որ «Սասնա Ծռեր»-ի 5 անդամներին անցած տարի խոշտանգման էին ենթարկել դատարանի նկուղում: Ծեծի ենթարկելու օպերացիան ղեկավարել էր Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արմեն Ղազարյանը: Ըստ Ղարագյոզյանի, եթե համաներում լինի, ապա իր պաշտպանյալին՝ օրեր առաջ մահացած Արայիկ Խանդոյանին (Միայնակ Գայլ) և ընկերներին խոշտանգման ենթարկածը չի դատապարտվի: Սակայն, չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը՝ փաստաբանը նշեց. «Դատարանը կորոշի՝ նրանք հանցագործ են, թե` ոչ»։

Փաստաբանի խոսքով՝ ուսումնասիրելով օրենքի նախագիծը, նկատել է, որ համաներումը չի վերաբերվելու խոշտանգման հոդվածով դատապարտվածներին, բայց քանի դեռ համաներում չի հայտարարվել՝ որևէ հարցում վստահ չեն կարող լինել:

Սոնա Հարությունյան