Երեկ 150-ից ավելի աջ ղեկով մեքենա ներկրողները բողոքի ակցիա էին իրականացնում Բագրատաշենի անցակետում, նրանք փակել էին անցակետի ճանապարհը՝ պահանջելով թույլատրել մեքենաների ներկրումը Հայաստան: Բանն այն է, որ այս տարվա մարտի 1-ին Ազգային ժողովի ընդունած օրենքով ապրիլի 1-ից արգելվում էր աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Վրաստանի դեսպանի մամուլի խոսնակ Հարություն Հայրապետյանն ասաց, որ այս պահին սահմանը բաց է. «Իրավիճակը հանգիստ է: Մենք օրվա ընթացքում կապ ենք պահպանում անցակետի ղեկավարության հետ՝ տեղեկանալու համար, թե ինչ է կատարվում այնտեղ: Խնդրին լուծում տալը Տրանսպորտի նախարարության իրավասության մեջ է մտնում և կարծում եմ՝ նրանք խնդրին լուծում կտան»,- ասաց Հայրապետյանը: 

 

Ստեղծված իրավիճակին անդրադարձել է Տրանսպորտի և կապի նախարար Հակոբ Արշակյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ օրենքի դեմ պայքարել հարկավոր էր նախքան դրա ընդունումը. «Օրենքն արդեն ուժի մեջ է մտել: Սկզբում թյուրիմացություն է եղել. հոկտեմբերի 1 ամսաթիվ է գրած եղել, բայց հետո օրենքն ընդունվել է անժամկետ: Թող գնան, պատասխանները ուզեն ասողներից: Ես գիտեմ, որ օրենքը համապատասխան ձևի հրապարակվել է, պետք է տեղեկանային»:

Այնուհետև, անդրադառնալով հարցին, թե մարդիկ բերել, փաստի առաջ են կանգնել, նախարարը ցնցող պատասխան է տվել. «Դե մարդիկ էլ կան, որ կոկաին են բերում և այնտեղ` սահմանին, խնդրի առաջ են կանգնում»: 

Ստացվում է՝ երիտասարդ նախարարը չի՞ գիտակցում իր զբաղեցրած պաշտոնի լրջությունը և անտեսելով փակուղու առաջ կանգնած մարդու խնդիրները՝ անհեթեթություննե՞ր է «դուրս տալիս»:

Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները մեղադրում էին նախկին կառավարությանը: Նրանք նշում էին, որ նախորդ տարի, երբ կառավարությունն աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելող օրենսդրական նախագիծը ներկայացրեց ԱԺ, որոշակի աղմուկից հետո օրենքում փոփոխություններ արվեցին: Ըստ այդմ, սահմանվեց, որ աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան արգելվում է 2018-ի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն է, իսկ արդեն իսկ ներմուծված ավտոմեքենաների շահագործումը չպետք է արգելվեր երկրի ներսում: Նրանց խոսքով՝ ԱԺ-ն այս տարվա մարտի 1-ին խաբեությամբ է ընդունել օրենքը, բայց պարզվում է՝ օրենքի նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ փոփոխություն է կատարվել և նախագծից հանվել է «ժամանակավոր» բառը: 

 

Բողոքի ակցիա իրականացնողները դժգոհում են՝ ասելով, թե մեքենաները պատվիրել են ավելի վաղ, քան հոկտեմբերի 21-ը՝ չիմանալով ԱԺ-ում ընդունված օրենքից հանված դրույթի մասին. «Նախորդ կառավարությունն ասել է, որ ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակավոր արգելք է, արգելվում է ներմուծելը: Դրանից հետո ներքին կարգով ժամանակավոր բառը հանվել է ու ոչ մեկին տեղյակ չի պահվել: Հիմա մենք փաստի առաջ ենք կանգնել, մեքենաները գնել ենք, պարզվում է՝ չենք կարող մաքսազերծել», - իրենց բողոքն էին արտահայտում ցուցարարները:

Սոնա Հարությունյան