Հոկտեմբերի 22-ին, ժամը 03:46-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ թիվ 20/1 հասցեում՝ նախկին պոլիկլինիկայի շենքի մոտակայքում, Toyota 4Runner մակնիշի  ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պոլիկլինիկայի ճաղավանդակներին, այնուհետև՝ գազատար խողովակին և էլեկտրական սյանը: ՃՏՊ-ի հետևանքով գազատար խողովակից առաջացել է արտահոսք՝ առանց բռնկման. տուժածներ չկան:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել վտանգավոր տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների ժամանելը:

Արտահոսքը դադարեցվել է գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից: