«Հրապարակ» թերթը գրում է.

Ազգային ժողովի արձակումը օդիոզ ու ապահովված պատգամավորների, օլիգարխների համար եւս մեկ դարդ է առաջացրել․ այս օրերին նրանց մեծ մասը մտածում է՝ «իմա՛ստը», թե ինչու վերցրին ու այդքան շքեղ «ռեմոնտ» արեցին» իրենց սենյակները, կահավորեցին ընդամենը մեկ տարվա համար։

«Դե, կահույքը՝ հասկացանք, հետներս կտանենք, բա էդ մեր սարքած սենյակները… իրենք, մատները մատին չխփած, գալու-նստելու-վայելելու են»,- ասաց մեզ հետ զրուցող նախկին ՀՀԿ-ականը։ Ամենաշքեղ վերանորոգված սենյակն ո՞ւմն է։ «Քեթրինի Միհրանինը․ վարագույրներ է կախել, պատուհանները փոխել՝ թիվ մեկ բորտ սիրող ջահելներին շատ դուր կգա»։

Հաջորդ «կոմֆորտ» սենյակն Արայիկ Գրիգորյանինն է։ Լֆիկը՝ Սամվել Ալեքսանյանը, շատ ջանք չի թափել, պատրաստի եկել-նստել է Շմայսի սենյակում, իսկ Մանվել Գրիգորյանի «երկսենյականոցն» ամենամեծն է։ Վերջերս իր սենյակները վերանորոգել էր նաեւ գեներալ Սեյրանը, կահույք գնել, սակայն այստեղ էլ փակել դռները՝ գնացել է։ «Կահույքը տարհանողներ կգտնվեն»,- ժպիտով ասաց մեր զրուցակիցը՝ մատնացույց անելով ԱԺ-ում այս պահին ընթացող հիմնարար վերանորոգման աշխատանքները։

«Սահմանադրությունը կարեցինք-ձեւեցինք, տվեցինք՝ հագան, պառլամենտը նորոգում ենք, տանք՝ հագնեն, իշխանությունն ու պառլամենտը խաղաղ փոխանցեցինք, ստեղծել ենք ստեղծագործելու բոլոր պայմանները, թող գան՝ «ստեղծագործեն», երկիրը զարգացնեն»։