Ինչպես արդեն տեղեկացրել ենք
, երեկ՝ հոկտեմբերի 23-ին, Վ. Բրյուսովի անվան  համալսարանում արտառոց դեպք էր տեղի ունեցել: Ուսանողուհիներից մեկը հայտարարել էր, որ բռնության է ենթարկվել։ Դեպքի վերաբերյալ ստույգ ինֆորմացիա չէր տրվում, բայց համացանցում ու լրատվական կայքերում տարբեր վարկածներ շրջանառվում՝ դանակահարությունից, մինչև երակներ կտրել, հարվածել և այլն։ Լուրեր տարածվեցին անգամ, թե աղջկան հարվածողները ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ են եղել:

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ուսանողուհու մայրը՝ տիկին Արուսը փոխանցեց, որ դուստրը արդեն տանն է, բայց հոգեբանորեն վատ վիճակում է։ Թեև նշեց, որ գործի քննության ընթացքում իրավունք չունի մանրամասներ ներկայացնել, սակայն որոշ պարզաբանումներ ի վերջո հաջողվեց։ 

 

Տիկին Արուսը ապատեղեկատվություն որակեց տեղեկությունները, թե աղջկան դանակահարել են, կտրել երակները, կամ ձեռքերին ինչ-որ գրառումներ արել․ «Միջադեպ է տեղի ունեցել, հրմշտոցներ, հարվածներ են եղել։ Ես տեսել եմ վնասվածքները. որևէ գրառում չի եղել ձեռքերին։ Տղա և աղջիկ են եղել, սակայն չգիտենք, թե ովքեր են դրա մասնակիցները։ Չգիտեմ՝ ինչն է եղել դրդապատճառը, դա պարզ կլինի, երբ գործը բացահայտվի: Կարծում եմ՝ նրանք հիվանդներ են եղել, որոնք հետապնդել են աղջկաս»,- փոխանցեց նա՝ նշելով, որ աղջիկը մինչ այդ առնչություն չի ունեցել այդ անձանց հետ։

Տիկին Արուսը հաստատեց, որ աղջիկը որոշ ժամանակ առաջ նամակներ ստացել է անհայտ անձի կողմից․ «Նամակներ ստանալը եղել է շատ վաղուց, բայց չեմ կարծում, թե այս միջադեպը որևէ կապ ունի այդ նամակների հետ»,- նշեց նա։

Նշենք, որ դեպքի վերաբերյալ պարզաբանում է տարածել ոստիկանությունը՝ նշելով, որ 20-ամյա քաղաքացուն, ըստ նախնական տեղեկությունների, ոչ ոք չի վնասել, որևէ մեկի կողմից հարձակում չի եղել, ինչի կապակցությամբ նա ոստիկանությունում տվել է բացատրություն: Սակայն հաշվի առնելով կատարվածի անձնական վարկածը՝ քաղաքացու վնասվածքների վերաբերյալ մանրամասներ չեն հայտնում:

 

Դեպքի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել նաև ԵՊԼՀ-ը․ «

 Հետաքննության արդյունքում պարզվել է, որ համալսարան որևէ անհայտ մարդ մուտք չի գործել և ուսանողուհու վրա հարձակում տեղի չի ունեցել: Նա որևէ մեկի կողմից ծեծի կամ բռնության չի ենթարկվել և առավելևս չի դանակահարվել: Ուսանողուհու կյանքին սպառնացող վտանգ չկա: Բոլոր տարածված լուրերը բերնեբերան անցած, ուռճացված ասեկոսեներ են և չեն համապատասխանում իրականությունը»,- ասվում է համալսարանի հաղորդագրության մեջ: 

Սոնա Հարությունյան