Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրինագիծը կքննարկվի հոկտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում: Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի մեկնարկից առաջ այս մասին հայտնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Հոկտեմբերի 29-ին կայանալիք արտահերթ նիստի օրակարգում տեղի է ունեցել փոփոխություն: Կառավարությունը դիմել է արտահերթ նիստը նախաձեռնողներին՝ օրակարգում ներառելու նաև «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը, ինչն ընդունվել է նախաձեռնողների կողմից: Ես համապատասխան որոշմամբ հաստատել եմ դա, և հոկտեմբերի 29-ին կայանալիք արտահերթ նիստի օրակարգում կլինի երկու հարց»,- ասաց Բաբլոյանը:

Ազգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները ստորագրահավաք էին նախաձեռնել հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ, որի օրակարգում պետք է ներառվեր Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որը խորհրդարանի կողմից չէր ընդունվել հոկտեմբերի 22-ին կայացած նիստի ընթացքում: