Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «Anadolu» պետական լրատվական գործակալության հետ զրույցում խոսել է ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի և ամերիկյան նոր սերնդի «F-35» կործանիչների մասին։ Դրանք, ըստ թուրք-ռուսական և թուրք-ամերիկյան պայմանագրի, պետք է՝ մատակարարվեն Թուրքիային։

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ S-400-ները Թուրքիային սկսելու են մատակարարվել 2019-ից։

«2019թ. հոկտեմբերից սկսած ռուսական ՀՕՊ համակարգի տեղակայման աշխատանքները սկսվելու են։ Այս պահին զբաղվում ենք անձնակազմի ընտրությամբ։ Անձնակազմի անդամներն ուղարկվելու են Ռուսաստանան անհրաժեշտ դասընթացների համար։ Այնուհետև այդ անձնակազմը վերադառնալու է Թուրքիա և ղեկավարելու է S-400-ները»։

Աքարը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում Թուրքիան ԱՄՆ-ից կստանա ևս 2 հատ F-35 կործանիչ։ Դրանք տեղեկայվելու են Թուրքիայի Մալաթիա նահանգի ավիաբազայում։

Հիշեցնենք, որ S-400-ների վերաբերյալ ռուս-թուրքական պայմանագրի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերությունները խիստ լարվել էին։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի դեմ: ժամանակավորապես կասեցվել էր F-35-ների մատակարարման գործընթացը: