ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնը ստանձնելու օրվանից նոր քաղաքական մշակույթ է ձևավորել: Այս մասին նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը, մեկնաբանելով ՀՀ սահմանադրության պահանջներին «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի համապատասխանության հարցը որոշելու համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարան դիմելու գործընթացը:

«Որդեգրվել է նոր մոտեցում, որ այսուհետ որևէ փաստաթուղթ, որ եկել է, դիտարկվելու է ոչ թե առանձին կատարված փոփոխությունով, այլ ամբողջությամբ՝ իր բոլոր դրույթներով: Եթե կա խնդիր, անհամապատասխանություն, ապա ողջունելի քայլ է, երբ փաստաթուղթը ներկայացվում է Սահմանադրական դատարան: «Կանոնակարգ օրենք»-ում կան տարբեր մեկնաբանությունների տեղիք տվող դրույթներ: Դրանից բացի, այս օրենքը լուրջ քննարկումների, քննադատության տեղիք տվեց, հետևաբար հատկապես ավելի մեծ ուշադրությամբ ուսումնասիրվեց»,-ասաց Թևան Պողոսյանը: Նրա խոսքով, այս որդեգրած մոտեցումը գովելի է, ավելին, պետք է հետամուտ լինել, որ այս մոտեցումը շարունակվի և դառնա մնացած բոլոր պետական ինստիտուտների քաղաքական աշխատանքի մշակույթը: Նա ընդգծեց, որ մեզանում պետք է ամրապնդվի Սահմանադրական դատարան դիմելու մշակույթը:

Թևան Պողոսյանը կարևորեց նաև օրենսդրական մոնիտորինգի մեխանիզմներ ներդնումը:

«Օրենքի նախագիծը ներկայացվում է, բայց երբ այն ընդունելուց հետո ազդեցությունների դաշտն ես դիտարկում, ապա տեսնում ես, որ տեխնիկական խնդիրներ կան: Չկա մոնիտորինգի մեխանիզմ, որով կարելի է գնահատել, ասենք մեկ տարի հետո արդյոք այն իր նպատակին ծառայել է»,-ասաց Թևան Պողոսյանը: Նա հույս հայտնեց, որ նոր քաղաքական մոտեցման պարագայում նոր ընտրված Ազգային ժողովը կսկսի ավելի լուրջ վերաբերել ցանկացած օրենքի նպատակին, կարգավորումներին, ազդեցություններին: Ըստ դրա էլ կներմուծվի օրենսդրական մոնիտորինգի ինստիտուտը, որը թույլ կտա հսկողություն կազմակերպել:

«Մեկ տարուց ավելի է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնն իրականացնում է Ազգային ժողովի կարողությունների հզորացման ծրագիր: Մենք արդեն այս ծրագրի շրջանակում նախապատրաստել ենք հետազոտություններ, վերլուծություններ, նախագծեր և հույս ունենք, որ նոր Ազգային ժողովը դրանք կստանձնի և կտանի առաջ»,-ասաց նա:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հոկտեմբերի 23-ին հայտարարություն էր տարածել ԱԺ 2018թ. հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի վերաբերյալ: Ըստ դրա՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ԱԺ Կանոնակարգ օրենքի սահմանադրականության հարցով կդիմի ՍԴ:

Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ 67 կողմ ձայներով ընդունել է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին վիճահարույց օրենքի նախագիծը, որի քվեարկությունն անցավ առանց էլեկտրոնային եղանակի, պատգամավորները քվեարկել էին ձեռքով: Նախագծի համաձայն՝ Ազգային ժողովի նիստերը չեն համարվի կայացած, եթե արտաքին խոչընդոտներով պայմանավորված պատգամավորները չեն կարողանա մասնակցել նիստին: Նախագծով նշվում է, որ այդ դեպքում նիստը կհամարվի ընդհատված և կշարունակվի այն ժամանակ, երբ խոչընդոտները կվերանան: Նախագծի ընդունումից հետո Նիկոլ Փաշինյանը դիմեց քաղաքացիներին և կոչ արեց հավաքվել Ազգային ժողովի մոտ՝ բողոքի ցույց անցկացնելու համար: