06:34
Հարկային տեսուչները ETTO KIDS մանկական զարգացման և ժամանցի կենտրոնի «գլխին սարքել են»

Հարկային տեսչությունը «հարձակվել է» ETTO KIDS մանկական զարգացման և ժամանցի կենտրոնի վրա: Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ETTO KIDS մանկական զարգացման և ժամանցի կենտրոնի սեփականատեր Քրիստինա Կովլակովան։

Զարգացման կենտրոնի սեփականատերը պատմեց, որ հարկային տեսուչները, մուտք գործելով զարգացման կենտրոն, ներկայացել են որպես ծնող, ով ցանկանում է իր երեխայի ծննդյան տարեդարձը կազմակերպել իրենց կենտրոնում, 25 երեխայի /մեծահասակների համար կազմել են ծառայությունների ցանկ 103.000 ՀՀ դրամ արժողությամբ` ճաշացանկ, զարգացնող խաղեր, ֆիքսել են միջոցառման օր` 22.10.2018թ, ժամ` 18:00, թողել են 20.000 ՀՀ դրամ կանխավճար, ստացել են կանխավճարի դիմաց ՀԴՄ կտրոնը և հեռացել են: Մի քանի օր անց՝ մեկ այլ տեսուչ, կրկին ներկայանալով որպես ծնող, մուտք է գործել զարգացման կենտրոն, կազմել է նմանատիպ պատվեր, նույնպես վճարել է 20.000 ՀՀ դրամ, ստացել է վճարված կանխավճարի ՀԴՄ կտրոնը և հեռացել:

 

«Այն օրը, երբ պետք է լիներ «հարկային տեսուչի երեխայի ծննդյան տարեդարձը» (առաջին կանխավճարով նախատեսված միջոցառումը) հարկային տեսուչները ժամը 17:45 սահմաններում եկել են զարգացման կենտրոն և բացահայտել են, որ իրենք ոչ թե ծնողներ են, այլ մեր կենտրոնում իրականացրել են ստուգում, ինչի արդյունքում որևէ խախտում չեն հայտնաբերել և պահանջել են հետ վերադարձնել վճարված 2x20.000 ՀՀ դրամ կանխավճարները: Մենք զարմացանք և տեղեկացրինք նրանց, որ այսօրվա 25 հոգուց բաղկացած միջոցառման նախապատրաստական աշխատանքները ամբողջությամբ պատրաստ է, և մենք այս պահին սպասում ենք միջոցառման հյուրերին: Տեսուչները նորից տեղեկացրին, որ որևէ միջոցառում չի լինելու, որ դա եղել է միջոցառման կազմակերպման իմիտացիա և պահանջեցին մեզանից վերադարձնել 2x20.000 ՀՀ դրամ կանխավճարները: 2-րդ 20.000 ՀՀ դրամը, իհարկե, մենք վերադարձրինք, քանի որ, փաստացի, որևէ նախապատրաստական աշխատանք այդ միջոցառման համար դեռ չէինք հասցրել կատարել, իսկ առաջին վճարված 20.000 ՀՀ դրամը հրաժարվեցինք վերադարձնել, բացի այդ՝ պահանջեցինք հատուցել մեզ պատճառված վնասը 103.000 ՀՀ դրամի չափով, սակայն նրանք լսել անգամ այդ մասին չուզեցին»,- իր վրդովմունքը հայտնեց սեփականատերը։

 

Նա նշեց, որ այդ մասին կարող էին տեղեկացնել գոնե առավոտյան կամ նախորդ օրը, որպեսզի իրենք պատրաստություն չտեսնեին․ «Ինչո՞ւ պետք է հարկային տեսչության անգրագետ կազմակերպված աշխատանքի արդյունքում մենք վնաս կրենք»,- ընդգծեց նա։

Նա նշեց, որ խնդրի վերաբերյալ բաց նամակ են հղել փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին։ 

ՊԵԿ-ն, անդրադառնալով խնդրին, նշում է, որ ընկերության հայտարարությունը, թե իրենք արդեն իրականացրել են միջոցառման նախապատրաստական աշխատանքները (զարգացնող խաղեր, ուտեստներ, խմիչքներ, զարդարանք, փուչիկներ, խաղավար…) հիմնավոր չէ, քանի որ ընկերության ֆեյսբուքյան էջում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ նույն օրը՝ 22.10.2018թ-ին, տեղի է ունեցել մանկական ծննդյան արարողություն․ «Ինչ վերաբերում է ընկերությանը պատճառված 103.000 ՀՀ դրամի վնասին, ապա հայտում ենք, որ համաձայն հարկային մարմնի տեղեկատվական բազայի տվյալների՝ 01.10.2018-22.10.2018թթ. ընկած ժամանակահատվածում ընկերության ձեռքբերումները մի քանի անգամ ավելի ցածր են, քան նշված գումարը»,- պարզաբանում են ՊԵԿ-ից: 

Սակայն ՊԵԿ-ի պատասխանը չի գոհացնում զարգացման կենտրոնի սեփականատիրոջը։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց տրվել է չհիմնավորված պատասխան․ «Ստացվում է՝ ՊԵԿ ղեկավարությունը ողջունում է իր տեսուչների նմանօրինակ վարքագիծը՝ այսպիսով ստեղծելով այլ տեսուչների համար նախադեպ»,- եզրափակեց Քրիստինա Կովլակովան։ 

Սոնա Հարությունյան
Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս