Գորիում հայտնաբերվել է 9-ամյա աղջկա դիակ: «Գրուզիա օնլայնը» հաղորդում է, որ երեխայի ընտանիքը դիմել է ոստիկանությանն այն բանից հետո, երբ 9-ամյա Նանա Բերիաշվիլին տանից պարի դասի է գնացել դպրոց, որը քիչ հեռու է գտնվում, բայց այդպես էլ տուն չի վերադարձել:

Որոնումներից հետո աղջկա մարմինը գտել են Գորիի շրջանային դատարանի բակում, որը գտնվում է Լիախվի գետի ափին:

Ականատեսները պատմում են, որ երեխայի ոստքերը կապված էին մետաղական լարով, իսկ գլուխը փաթաթված էր պլաստիկե տոպրակով: Ընտանիքը ենթադրում է, որ երեխային խեղդամահ են արել:

Նրանք նաեւ ասում են, որ մարմնի վրա բռնության հետքեր կան:

Մարմինը հայտնաբերած մարդիկ նաեւ նշում են, որ ցերեկը մի քանի անգամ զննել են դատարանի բակը, սակայն այնտեղ ոչինչ չեն գտել: Նրանք կասկածում են, որ եխեխան այլ վայրում է սպանվել, իսկ գիշերը մարմինը նետել են դատարանի բակի ցանկապատի մոտ՝ թփերի մեջ: