Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցով ԱԺ Քննիչ հանձնաժողովի 2-րդ նիստում, հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ այն պայմանագիրը, որ կնքվել է Հայաստանի և ՌԴ-ի միջև և վավերացվել է ԱԺ-ի կողմից 2013-ի վերջին, ցավոք, լավատեսություն չի ներշնչում:

«Այդ համաձայնագրում ներառված է 9 տոկոս ներքին եկամտաբերության նորմի պահանջը: Պահանջ կա, որ մինչև այս տարվա վերջ կնքվի մոդելային պայմանագիր' դա ապահովելու համար: Դա նշանակում է, որ «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից կատարված 700 մլն դոլարի ներդրումների ծավալը (դրա մեջ մտնում է Հրազդանի 5-րդ բլոկը ձեռք բերելու, այնտեղ ներդրումներ կատարելու և Իրան-Հայաստանի գազատարի 130 կմ հատվածի շինարարության ծախսերը) հանգեցնելու է սակագնի փոփոխության պրոբլեմի, ինչը լրջագույն խնդիր է:

Սա նշանակում է, որ երբ որ հունվարի 1-ից նոր պայմաններ են առաջ գալու, այդ թվում' սահմանին գազի գնի հետ կապված, ՀՀ կառավարությունը պետք է բանակցելու բովանդակությունն այնպես ձևակերպի, որ դա չտանի սակագնային քաղաքականության էլ ավելի լարման, սա առաջին կարևորագույն թիրախն է, որ բանակցելու առիթ է տալիս»,-ասաց նա:

Մելքումյանը նշեց, որ կարևոր է ուսումնասիրել նաև ՀԷՑ-ի և «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից իրականացվող ծառայությունների մատուցման որակը և իրավապայմանագրային հարաբերությունները: