«Հակամարտող երկրներին ճիշտ չէ  զենք վաճառելը. դա ավելի է լարում իրավիճակը և բանակցային փուլը տանում է ավելի մեծ հակամարտության։ Ճիշտ չէ նման հայտարարություններով շահագրգռել, թե ում զինատեսակն է ավելի ուժեղ: Մենք չենք գնում պատերազմի, այլ գնում ենք խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորմանը»,-այս մասին ԱԺ ճեպազրույցում ասել է ԱԺ «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությանը, թե Հայաստանը կարող է զենք գնել նաև Միացյալ նահանգներից։

Այն դիտարկմանը՝ թե ո՞ւմ պետք է առավելություն տալ ԱՄՆ—ի՞ն, թե՞ Ռուսաստանին՝ զենք գնելու հարցում, Բաղդասարյանը պատասխանեց․ «Պետք չէ որևէ մեկին տալ առավելություն։ Մեր վարած քաղաքականությունը արտաքին քաղաքականությունում այնպիսին է, որ մենք բոլորի հետ պետք է ունենանք այն որդեգրած հարաբերությունները, որը մինչ այս ունեինք»։

 

Անդրադառնալով Ջոն Բոլթոնի այն հայտարարությանը, թե մենք պետք է հրաժարվենք պատմական կաղապարներից, Բաղդասարյանն ասաց․ «Մենք չունենք պատմական կաղապարներ, ունենք ազգային արժեքներ և անթույլատրելի է դրանցից հրաժարվելը»։

Հարցին՝ թե նա սխա՞լ է համարում զենք ձեռք բերել նաև Միացյալ Նահանգներից, քանի որ բարձր մակարդակով հայտարարվում է դրա մասին, Բաղդասարյանը պատասխանեց․ «Նմանատիպ հայտարարությունները դրդում են պատերազմի, որպեսզի ավելի շատ զենք գնենք»։