ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման գործով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը շատ ինտենսիվ կաշխատի առաջիկայում՝ կանչելով բոլոր անհրաժեշտ մարդկանց, այդ թվում՝ Ազգային անվտանգության և Հատուկ քննչական ծառայությունների պետերին։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։

Հարցին՝ թե ովքեր են հաջորդ նիստին կանչվելու, Կոստանյանն ասաց․

«Կա անձանց շրջանակ, որոնք ենթակա են հրավիրման, բայց յուրաքանչյուրր անձի հրավիրման անհրաժեշտությունը և հաջորդականությունը բխում է մեկի տված տեղեկություններից»։

Հարցին՝ թե, այնուամենայնիվ, ո՞վ կլինի հարցաքննվող առաջին անձը, որից էլ կբխի հաջորդականությունը, Կոստանյանը պատասխանեց, որ բոլորն էլ հրավիրվելու են։

Դիտարկմանը՝ թե հնարավո՞ր է ԱԱԾ պետը հարցաքննվելուց հրաժարվի, Կոստանյանը պատասխանեց․ «Չի կարող նման բան լինել, պետական պաշտոնյաները և պետական մարմինները պարտավոր են ներկայանալ, եթե հրավիրենք, ԱԱԾ պետը ևս չի կարող չներկայանալ»։