ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ավարտում է Հարավային Կովկասում իր շրջագայությունը, որտեղ այցելեց Մոսկվա այցից հետո: Այսօր նա բանակցություններ կվարի Վրաստանում, իսկ նախօրեին այցելել էր Ադրբեջան և Հայաստան: Այս մասին գրում է ռուսական Коммерсантьպարբերականը:

Բոլթոնի առաջին այցը Բաքու էր, որտեղ նա հայտարարեց, որ «Ադրբեջանը միակ երկիրն է, որը սահմաններ ունի միաժամանակ Ռուսաստանի և Իրանի հետ»:

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ պարոն Բոլթոնը քննարկեց Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողությունները, որին 120 ադրբեջանցի զինծառայող է մասնակցում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու «Հարավային գազային միջանցք»-ի գործարկումը: Այդ նախագծին Վաշինգտոնում ակտիվորեն աջակցում են՝ հաշվի առնելով այն, որ դրա իրականացումը կնվազեցնի ռուսական գազից Եվրոպայի կախվածությունը։

Բաքվից մեկնելով Երևան՝ Բոլթոնն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային և ինտրիգային հայտարարություն արեց՝ տարածաշրջան ամերիկյան զենքի հնարավոր մատակարարման մասին:

«Ներկա պահին որոշում չի ընդունվել: Չեմ կարող կանխատեսել, թե ինչպիսին կլինի երկու կողմերին զենքի վաճառքի հարցի շուրջ որոշումը: Բայց այս պահին հետևյալ իրավիճակն է՝ Հայաստանը հիմնականում զենք է գնում Ռուսաստանից, Ադրբեջանը նույնպես 80%-ով ՌԴ-ից է զենք ձեռք բերում»,- Երևանում ասել էր Բոլթոնը:

Ռուսական պարբերականը նշում է նաև, որ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Բոլթոնը Հայաստանի իշխանություններին բացահայտորեն կոչ էր արել  ռուսականի փոխարեն ամերիկյան զենք գնել: