«Վերածնունդ» երիտասարդական ավանի ծրագրի պայմանների փոփոխման հարցը մինչ օրս չի լուծվել, ծրագրի շահառուները փորձում են հասկանալ, թե ինչու և ինչպես է առաջացել այս խնդիրը և ակնկալում են, որ դրան լուծում տրվի: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին «Վերածնունդ» երիտասարդական ավանի շահառուները տեղեկացել են, որ հիփոթեքային վարկեր հնարավոր է ստանալ միայն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում: Վարկավորման պայմաններին չհամապատասխանող շահառուներին առաջարկվում է օգտվել բնակարանի արժեքի ուղղակի (տարաժամկետ) վճարման եղանակից (ամբողջ շինարարության ընթացքում՝ 4 մասնաբաժնով) կամ հիփոթեքային վարկավորում ստանալ սեփական նախաձեռնությամբ: ԿԲ-ի հայտարարությունը այս հարցի վերաբերյալ ոչինչ չասող է. այն չի հիմնավորում, պատճառաբանում, թե ինչու և ինչպես երիտասարդ մասնագետների ծրագիրը դարձավ երիտասարդ ընտանիքների ծրագիր:
 
Թեև ԿԲ-ն հետագայում ամեն կերպ փորձեց համոզել հանրությանը, որ ինքը այս ծրագրի հետ որևէ առնչություն և պարտականություն չունի, այնուամենայնիվ, ուրվագծվում է հարցի քաղաքական ենթատեքստը: Արթուր Ջավադյանը փայլուն կադր է, և իզուր չէ, որ Փաշինյանը թողեց, որպեսզի նա շարունակի իր աշխատանքները Կենտրոնական բանկում: Սակայն Արթուր Ջավադյանը ուղնուծուծով Սերժ Սարգսյանի կադրն է, ծրագիրն էլ, որի իրականացումը այսօր դրված է հարցականի տակ՝ Սերժ Սարգսյանի «հոգեզավակն» է համարվում: Նպատակը հասկանալի է՝ թույլ չտալ, որպեսզի Սարգսյանի անվան հետ կապվող ծրագրի փառքի պտուղները քաղի Նիկոլ Փաշինյանը:
 
Փաշինյանը, պետք է ասել՝ շատ արագ կողմնորոշվեց ստեղծված իրավիճակում:
 
Պատահականությո՞ւն էր արդյոք, Էդմոն Մարուքյանի հայտարարությունը մի մոնոպոլ սխեմայի մասին, որը վերաբերվում էր 2014 թվականին ԿԲ ղեկավարության և ԱՊՊԱ ոլորտի ընկերությունների միջև, ըստ էության, կոռուպցիոն ռիսկեր պարունակող համագործակցությանը: Դժվար թե սա պատահականություն լինի. այն պարզ պատճառով, որ 2014 թվականին ԿԲ-ն ղեկավարում էր նույն Ջավադյանը: Մարուքյանի հայտարարությունը, ի դեպ, ոչ այլ ինչ էր, քան հաղորդում հանցագործության մասին, սակայն նկատեք՝ դրան ընթացք չտրվեց: Թերևս այն պարզ պատճառով, որ Փաշինյանի մեսիջը հասավ հասցեատիրոջը: Հասկանալի է, թե ծրագրի տապալման դեպքում քննադատության ինչպիսի ալիքի տակ կհայտնվի վարչապետը, բացի այդ՝ կսրվի առանց էլ ահագնացող սոցիալական լարվածությունը: Դա է պատճառը, որ Փաշինյանը նախընտրեց այս փուլում արագ և հասցեական կանխել այս փոքրիկ սաբոտաժը: Իսկ թե ինչ կլինի բուն ծրագրի հետ՝ ցույց կտա ժամանակը…