Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է ամերիկահայ գործարար Մայք Բադալյանին, ով հետաքրքրված է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարելու հեռանկարով: Այս մասին հայտնում են Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման սկզբում գործարարը տեղեկացրել է, որ ներկայում ակտիվ գործունեություն է ծավալում Արցախի գինեգործության ոլորտում` արտադրելով «Արբա» գինիներ և Հայաստանում ևս մտադիր է զբաղվել այգեգործությամբ: 

Բացի այդ, Մայք Բադալյանը նպատակ ունի իր լիբանանահայ գործընկերոջ հետ կազմակերպել հայկական գյուղմթերքի, մասնավորապես ձկնաբուծական արտադրանքի արտահանումներ դեպի Լիբանան:

Ողջունելով Հայաստանում ներդրումներ կատարելու և բիզնեսով զբաղվելու գործարարի հետաքրքրվածությունը` նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի ներդրումային դաշտի ներկա վիճակն ու առավել նպատակահարմար ուղղությունները, այդ թվում` ինտենսիվ այգեգործությունը, ջերմոցային տնտեսությունների հիմնումը, լոգիստիկ կենտրոնների ստեղծումը և այլն:

Տեղեկանալով Հայաստանում ընկուզենու այգիներ հիմնելու հյուրի ցանկության մասին` նախարարի պաշտոնակատարը նշել է, որ նմանօրինակ նախաձեռնության իրականացման արդյունքում Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում արդեն իսկ հիմնվել են «պեկան» տեսակի ընկուզենու այգիներ, որոնք հայ-լիբանանյան լավագույն համագործակցության օրինակ են հանդիսանում:

Քննարկվել են նաև դեպի Լիբանան հայկական գյուղմթերքի արտահանման արդյունավետ կազմակերպմանը, Հայաստանի ներդրումային քաղաքականությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

Ամփոփելով հանդիպման արդյունքները` Գեղամ Գևորգյանը պատրաստակամություն է հայտնել հանգամանորեն ուսումնասիրել Հայաստանում ներդրումային յուրաքանչյուր առաջարկ և աջակցել բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն մեր երկրում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: